Լեզվաբան Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ, եթե ՌԴ-ն խոսում է միջուկային զենքի ու ուժի մասին, դա ԱՄՆ-ի դիրքորոշման ու պատժամիջոցների պատասխանն է:
«Կարծում եմ, որ պատժամիջոցների կիրառումը ռուսական հասարակությանը միավորեց: Բայց որքան էլ ռուսական հասարակությունը միավորվում է, որքան էլ թվում է , որ պատժամիջոցները խթանում են տեղական տնտեսության զարգացմանը, ակնհայտ է, որ ՌԴ հենարանը, հաղթական քարտը նրա ռազմական ուժն է, տնտեսական որեւէ առաջընթաց չտեսանք, որքան էլ Պուտինն ու Մեդվեդեւը նշում են, որ տնտեսությունն այս պատժամիջոցների կիրառման դեպքում առավել զարգացավ, բայց չի զարգանում, միակ հույսը մնում է ուժը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց լեզվաբանը:
Ըստ նրա՝ անվտանգության համակարգի աշխատողների մուտքը քաղաքականություն իր վատ հետեւանքներն է սովորաբար ունենում. «Անվտանգության համակարգի աշխատողների մուտքը դեպի քաղաքականություն միշտ շատ վտանգավոր է, իսկ Պուտինի կենսագրությունը գիտենք, նման մարդիկ քաղաքականություն են բերում ուրիշ մեթոդներ ու վերածում վտանգավոր գործընթացի»:
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ, որքան ՌԴ –ի նկատմամբ խստանան պատժամիջոցներն, այնքան արագ նա ոտքի կկանգնի:
«Ինչ էր Պուտինն իր վերջին հայտնի հայտարարությամբ ասում աշխարհին՝ դուք մեզ չեք լսում տարիներ շարունակ, հիմա լսեք ինչ եմ ասելու: Ձեր պաշտպանական գոտիները ծիծաղելի վիճակում են: Արդյոք սա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է, միանշանակ՝ ոչ: Սա նրա մասին է, որ մեկը չպետք է որոշի՝ մնացածներն ինչպես պետք է ապրեն: Միգուցե հանգիստ շունչ քաշենք, որովհետեւ երրորդ համաշխարհային պատերազմը Պուտինի հայտարարությունից հետո կանխվեց »,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ