Այն, որ «Ամուլսարը» ներկայացվում է հրեշավոր ծրագիր, նորություն չէր: Բայց որ այս ծրագրի հետ որևէ անձի/կազմակերպության որևէ կերպ առնչություն ունենալն արդեն բավարար հիմք է անձին կամ կազմակերպությանը պիտակավորելու ու վիրավորելու համար, սա արդեն նոր տրենդ է։ Աբսուրդն այն աստիճանի է խորացել, որ որոշ մարդիկ սկսում են արդարանալով հերքել իրենց կապն Ամուլսարի նախագծի հետ, ասես խոսքը վերաբերում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված ինչ-որ դավադրության։ Համոզվելու համար կարող եք այցելել առավել ակտիվ մի քանի բնապահպանների ֆեյսբուքյան էջեր: «Ծախվածներ», «դավաճաններ», «սրիկաներ» և նման տիպի որակումների առատությունը միանգամից աչքի է զարնում։ Գիտե՞ք՝ ովքեր են այդ ծախվածներն ու դավաճանները։ Օրինակ, այն ԶԼՄ-ները, որոնք զբաղվում են իրենց գործով՝ լուսաբանում են այսօրվա դրությամբ Հայաստանի ամենախոշոր ներդրումային նախագծի ընթացքն ու մեկնաբանություններ վերցնում հնչած բնապահպանական մտահոգությունների կապակցությամբ։
Կարճ ասած՝ «Լիդիան Արմենիայի» հետ խոսել չի կարելի: Նրանց փաստարկները ներկայացնել չի կարելի։ Ով լուսաբանեց՝ վերջ, դավաճան է կամ ծախված։ Լուսաբանել պետք է միայն իրենց բնապահպանների տեսակետները։ Կապ չունի՝ նրանց ասածները որքանով են հիմնավոր, կապ չունի՝ որքանով են ճիշտ։ Ասում են՝ «Ոչ մի նոր հանք», ուրեմն ոչ մի նոր հանք։ Ասում են՝ հանքի շահագործման հետևանքով երկգլխանի երեխաներ են ծնվելու, ուրեմն՝ սպասեք երկգլխանի երեխաների։ Չփորձեք հանկարծ հակառակ կողմից մեկնաբանություն լսել, և թքած, որ, լրագրության կանոններով, պարզապես պարտավոր եք դա անել։
Այսինքն, բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները շատ ուրույն պատկերացում ունեն խոսքի և մամուլի ազատության վերաբերյալ։ Իրենց շահերը պաշտպանող միակողմանի պրոպագանդան լրագրողական էթիկայից դուրս չէ։ Իսկ երբ լրատվամիջոցը ներկայացնում է «Լիդիան Արմենիայի» փաստարկներն իրենց իսկ կողմից հնչած մեղադրանքների կապակցությամբ, դա արդեն չի հանդուրժվում։ Միակողմանի հարթակ ստանալու բացառիկ իրավունքն իրենցն է։
Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում