Հայաստանի անկախացումից մինչ օրս Սփյուռքը միավորող համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու գաղափարը բազմիցս արծարծվել է քաղաքական տարբեր գործիչների, մտավորականների եւ քաղաքագետների կողմից։
Նման խնդիր իսկապես գոյություն ունի ու եթե առայժմ չի լուծվել, դեռեւս չի նշանակում, թե այն ուտոպիա է, վեր է մեր ժողովրդի ուժերից ու հնարավորություններից։ Սակայն խնդրի գոյությունը մի բան է, այն լուծելու համար ցայսօր որդեգրված դեղատոմսերը՝ մեկ այլ բան։
Սփյուռքում գործող կառույցներից յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցում։ Առկա է նաեւ արտաքին ուժերի ներգործությունը եւ նրանց ազդեցության խաչաձեւման փաստը։ Ուրեմն ինչպե՞ս է ձեւավորվելու եւ բյուրեղանալու համահայկական կազմակերպությունը, որպեսզի դառնա միայն ու միայն հայկական շահերի արտահայտիչը։
Այս հարցերի վերաբերյալ կոնցեպտուալ լուծումների անորոշության պայմաններում արդի հայ իրականության մեջ ուրվագծվում են, այսպես ասած, «համահայկական դաշտի» յուրացման առնվազն երեք հստակ փորձեր։
Դրանցից առաջինը Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է, որը հիմնված է Սփյուռքը Հայաստանի կյանքի տարբեր բնագավառներ ներգրավելու հայեցակարգի վրա։ Ներգրավման քաղաքականությունը լուրջ դժվարություններ ունեցող երկրի ղեկավարության բնական արձագանքն է սփռված ազգ ունենալու իրողությանը։
Երկրորդ փորձը Հայաստանի ընդդիմության մի հատվածի եւ նրա հետ կապված առանձին ուժերի ու գործիչների ձգտումն է՝ «վերակառուցել» Սփյուռքը, այն դարձնել ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում Հայաստանը ներքաշելու գործիք։
Եվ վերջապես՝ երրորդ փորձը տարիներ առաջ ձեռնարկեց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։ Վերջինիս քայլերը արժանացան ավանդական Սփյուռքի, առավելապես ռամկավարական շրջանակների հավանությանն ու աջակցությանը։ Ավելի քան ակնհայտ է, որ այդ երրորդ փորձի թիկունքում ուրվագծվում էր «հայկական գործոնի» համար պայքարի հակադիր վեկտորը, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չեն Արա Աբրահամյանի քաղաքական կողմնորոշումները։
Հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է համադրել այս երեք փորձերը, չեզոքացնել նրանց հաճախ միմյանց հակասող քաղաքական նպատակների բացասական ներգործության հնարավորությունները Սփյուռքի վրա։ Նման բարդ հարցի լուծումը գտնելու եւ դրա հիման վրա մեր սեփական՝ հայեցակետը բյուրեղացնելու համար պետք է հստակեցնել հիմնական՝ մինչեւ այժմ իր հստակ պատասխանին սպասող խնդիրը։
Կ. Սարուխանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում