Մարտի 4-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից ծաղկեպսակներ տեղադրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ելույթում նշեց, որ 30 տարի առաջ` 1988թ. փետրվարի վերջին օրերին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, Ադրբեջանի իշխանություններն արձագանքեցին Սումգայիթում և Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված կոտորածներով ու բռնություններով:
Դեսպանը նաև հավելեց, որ այդ ողբերգալի իրադարձությունները 30 տարի անց այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարտման չարժանացան միջազգային հանրության կողմից, իսկ վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ, որն էլ ծնեց հայ ժողովրդի դեմ գործված նոր հանցանքներ, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմ, որից ազատատենչ Արցախը դուրս եկավ հաղթանակած՝ կերտելով իր անկախությունը:
ՀՀ ԱԳՆ