Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարություններից՝ ներկայիս 18 նախարարությունների փոխարեն: Ոչ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլևս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, և ոչ թե հավելյալ անհրաժեշտություն: Մինչդեռ, Սփյուռքը ամենադինամիկ և առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, և եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա: Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի:
Այս օրենքի նախագիծը խորհրդարանում կարող է քննադատության ենթարկվել այլ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ օրենքի նախագծի երկրորդ հոդվածը, որը վերնագրված է «Կառավարության կազմը և կառուցվածքը ունի առաջին կետ», որտեղ ասվում է. «Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից»: Այս դրույթը ինչ-որ իմաստով հակասահմանադրական է, քանի որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված բարեփոխված Սահմանադրության մեջ ևս նույն վերնագրով հոդված կա՝ 147-րդը, բայց այնտեղ ասվում է․«Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից»: Ինչպես տեսնում եք՝ ներկայացված օրենքի նախագծի և հանրաքվեով ընդունված Սահմանադրության նույնանուն հոդվածների միջև կա մի տարբերություն. Սահմանադրությունը չի սահմանում առաջին փոխվարչապետի պաշտոն: Օրենքի հեղինակները նոր պաշտոն են ստեղծել: Նրան, իհարկե, կարող են ասել, որ առաջին փոխվարչապետը, դա նույն փոխվարչապետն է, որ ֆունկցիոնալ առումով առաջին փոխվարչապետի ու փոխվարչապետի մեջ ոչ մի տարբերություն չկա, բայց փաստը մնում է փաստ, որ կառավարությունը սահմանում է նոր պաշտոն: Որովհետև, եթե առաջին փոխվարչապետը ոչնչով չի տարբերվելու մյուս երկու փոխվարչապետերից, ապա ինչ իմաստ ունի նրանց առանձնացնելը:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում