Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գիտնականի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց. «168 ժամ»

Մարտ 06,2018 11:48

«168 Ժամի» հետ բացառիկ զրույցում ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ և գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը նախ անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, գնահատեց Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունն ու ասաց, թե ինչ նկատի ունի ՀՀ նախագահը՝ ասելով «առաջարկություններ», և, երբ Թուրքիան պատրաստ կլինի կառուցողական առաջարկներով հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Թուրք գիտնականի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց եւ զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր։ «Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պայմանավորեցին Ղարաբաղյան հակամարտությունում որոշակի քայլերով։ Իրականում, հավելյալ պայմանների առաջադրումը դեմ էր արձանագրությունների ոգուն։ Ինչո՞ւ Թուրքիան արեց դա։ Ենթադրում եմ, որ կային լուրջ պատճառներ դրա համար։ Առաջինը բավականին ակնհայտ մեկն է՝ Ադրբեջանի իշխանությունը ճնշումներ էր գործադրել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան առաջընթացի չհամաձայնի, և երկրորդը՝ Թուրքիայի իշխանությունների ներսում կային հակասական կարծիքներ այս հարցի վերաբերյալ։

Թայիբ Էրդողանն ինքն այս արձանագրություններին հակադրվում էր գործընթացի հենց սկզբից և օգտագործում էր ադրբեջանական դիմադրությունը՝ որպես արձանագրությունների չեղարկման և զրոյացման արդարացում Բաքվում, սա պատահականություն չէ»,- նշեց Աքչամը։ Հարցին, թե կողմերը ե՞րբ պատրաստ կլինեն վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների, Թաներ Աքչամը պատասխանեց, որ չգիտի, և երևի թե ոչ ոք չի կարող ասել։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են արմատական քաղաքական փոփոխություններ, հատկապես թուրքական կողմից։ Աքչամն ասաց, որ Սարգսյանն «առաջարկություններ» ասելով հղում է կատարում ապագային, քանի որ ներկայումս հայկական կողմը ևս հասկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ առաջարկներ մոտ ապագայում չեն կարող լինել։ «Բայց դա չկա դեռ հեռանկարում, քանի որ այդ հարցը կախված է Ղարաբաղյան հակամարտությունից, Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշումն է պարտադրում Թուրքիային, և ներկայումս քանի դեռ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել Թուրքիայում, Ադրբեջանի այս դիրքորոշումը հաշվի է առնվելու։ Մոտ ապագայում փոփոխություն չեմ ակնկալում, քանի որ ներկայումս նախապայմանների վերացման հավանականությունը շատ քիչ է»,- ասաց Աքչամը։ Թաներ Աքչամը հույսը չի կորցնում, որ մի օր Թուրքիան ճիշտ որոշումներ կկայացնի և պատմությունը ճիշտ կգնահատի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031