Դեղերի բացթողման նոր կարգը մեծ խառնաշփոթ է առաջացրել առողջապահական համակարգում։ Ինչպես հայտնի է՝ մարտի 1-ից մի շարք դեղեր վաճառվում են միայն դեղատոմսով։ Բայց չնայած սրան՝ դեղատան աշխատակիցը, բժիշկը, հիվանդը լիարժեք իրազեկված չեն եւ դեռ պատրաստ չեն աշխատել դեղատոմսով։
Արդեն 6 օր է, ինչ ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը։ Մինչդեռ մեր հայրենակիցները, անկախ ամեն ինչից, կարողանում են գումար աշխատելու բազմահազար տարբերակներ գտնել։ Նրանք այս հարցում ուղղակի նախանձելի են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք դեղատներ իրենց մոտ ունեն դեղատոմսեր, որոնք քաղաքացիներին առաջարկում են 500 դրամով։ Դեղատոմսում դեղն էլ են նշում, վաճառում, հետո ճանապարհում են տուն։ Այս երեւույթը առկա է հատկապես մարզերում։ Երբ մարդիկ ժամանակ կամ ընդհանրապես գումար չունեն՝ բժշկի գնալու, մի շարք հետազոտություններ անցնելու, լրացուցիչ գումարներ ծախսելու, օգտվում են հենց այս տարբերակից։
Բայց մյուս կողմից դեղերի բացթողման նոր կարգը խիստ անհանգստություն, արդեն մի շարք անհարմարություններ է առաջացրել հատկապես գյուղի բնակիչների մոտ։ Այսինքն՝ դեղի խիստ կարիք ունեցող գյուղի բնակիչը պետք է գյուղից գյուղ գնա, որպեսզի կարողանա բուժկետից ձեռք բերել դեղատոմս։ Հայտնի է, որ գյուղեր կան, որտեղ ուղղակի բացակայում են բուժկետերը, պրոֆեսիոնալ մասնագետների մասին ավելորդ է անգամ խոսել։ Իսկ գյուղեր էլ կան, որտեղ թեեւ բուժկետ կա, բայց անմխիթար, անմարդկային պայմաններ ունի։
Համաձայնեք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հիմնականում հեռավոր, խոշորացված համայնքների բնակիչները։ Այսինքն՝ գյուղացին պետք է հոլի պես պտտվի, որպեսզի կարողանա նախ՝ գտնել բժիշկ, ապա՝ դեղատոմս՝ այդ ընթացքում միայն տրանսպորտի համար բավական գումար ծախսելով։ Ավելին՝ Հայաստանում քիչ թիվ չեն կազմում այն դեղատները, որոնք չունեն պատճենահանող սարք, որով պետք է պատճենահանեն դեղատոմսը եւ այսպես շարունակ:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում