Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանների կարծիքով, փակ դուռը հոգեկան տրավմա է առաջացնում երեխաների մոտ. «Հրապարակ»

Մարտ 06,2018 10:57

Դպրոցների դռները կողպելու ավանդույթը որդեգրեցինք տարիներ առաջ՝ անցանկալի անձանց ելումուտը կրթօջախ կանխելու նպատակով: Բայց, հոգեբանների կարծիքով, փակ դուռը հոգեկան տրավմա է առաջացնում երեխաների մոտ: Ոմանք էլ գտնում են, որ այդպես ապահով է:

«Ժեստ» հոգեբանական եւ անձի զարգացման կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով՝ փակ դուռը երեխայի հոգեբանության վրա կոնկրետ ազդեցություն չունի: Ըստ նրա՝ խնդիրն ավելի շատ ծնողի մոտ է:

«Ինչո՞ւ են դռները փակ, ի՞նչ է կատարվում ներսում, որ թույլ չեն տալիս մտնել… Այս անհանգստությունն է, որ կարող է փոխանցվել երեխային: Եթե դա չլինի, երեխան այդ մասին չի էլ մտածում»,-ասաց հոգեբանը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, ավելի անվտանգ կլինի, եթե դռները չփակեն․ «Որպեսզի աղետի դեպքում կարողանան փախչել»:

Փակ դռների հանգամանքը կաշկանդում է հատկապես բարձր դասարանցիներին: «Կարծես վանդակում փակված գազան լինենք. առավոտյան ներս ենք մտնում՝ դռները փակվում են եւ բացվում, երբ տուն ենք գնում»,- ասացին 11-րդ դասարանում սովորողները:

«Ազատության տարիք է, ուզում են դուրս փախչել, դրա համար զգում են՝ ինչպես գազանը վանդակում: Իրենք նեղվում են ոչ նրա համար, որ փակ դռների ետեւում են, այլ, որ չեն ուզում կանոններին ենթարկվել: Դեռահասությունն ու երիտասարդությունն այն տարիքն է, որ բաց դռներ է ուզում»,-ասաց հոգեբան Անի Ապիտոնյանը:

Իսկ կրթության փորձագետի հիմնավորմամբ՝ դռները կողպում են, որպեսզի երեխաները դասերից չփախչեն: «Դպրոցը ձանձրալի է դարձել երեխաների համար: Փոխանակ մտածեն՝ ինչ անեն, որ հետաքրքիր դառնա, արգելանքներ են դնում: Երեխաներ կան, որ անիմաստ են համարում դպրոց հաճախելը: Ասում են՝ հետաքրքիր չէ, կրկնություններ են: Ծրագիրը պետք է վերանայվի, նոր մոտեցումներ ու հետաքրքիր ուսուցիչներ են պետք: Այս երեխաները սովետի թվի երեխաներ չեն: Նրանց ստիպելով դպրոց չես տանի: Կոնկրետ քայլեր են պետք դպրոցը գրավիչ դարձնելու համար»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031