Որ Հայաստանում պաշտոնները կարվում են կոնկրետ անձերի վրայով ու ըստ նպատակահարմարության, դրանում մենք համոզվել ենք բազմիցս: Ապրիլից կառավարության կառուցվածքում այլեւս չի գործի Վաչե Գաբրիելյանի ղեկավարած նախարարությունը, որը «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն» հավակնոտ անունն էր կրում:
Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի նախագծում սահմանվել է նախարարությունների թիվը, ներկայիս 18 նախարարության եւ մեկ փոխվարչապետի փոխարեն կգործեն 17 նախարարություն եւ երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը, որի մեջ մտնում է նաեւ սույն օրենքը, երեկ երկրորդ ընթերցում անցնելու համար դրական եզրակացություն ստացավ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ այսօր կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստում: Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը գրեթե չքննարկվեց, փաթեթով դրվեց քվեարկության:
Եվ այսպես․ նախարարությունների կազմից դուրս մնացած Վաչե Գաբրիելյանի նախարարությունը գործադիրի ամենաերիտասարդ նախարարությունն է, ստեղծվել է 2014 թվականին: Իշխանությունը տեւական ժամանակ չէր կարողանում բացատրել, թե ինչ նպատակով է ստեղծվել ու ինչ է անելու այդ կառույցը: Կցկտուր բացատրությունն այն էր, որ նախարարությունն ստեղծվել է Եվրասիական միությանն ինտեգրվելու համար անհրաժեշտ ահռելի փաստաթղթային աշխատանքը կատարելու նպատակով: Կար նաեւ հակառակ տեսակետը՝ նախարարությունը ԵԱՏՄ պարտադրանքն էր Հայաստանին: Կյանքը ցույց տվեց, որ այդ նախարարությանը դժվարությամբ ինտեգրեցին գործադիրի շարքեր, ստեղծվելուց մեկ-մեկուկես տարի հետո նոր այն ինտերնետային ու ընդհանրապես շենքային տարածք ստացավ, աշխատակազմ, բառիս դասական իմաստով, չուներ: Իսկ թե որն էր այդ կառույցի հիմնական առաքելությունը, այսօր էլ դժվար է պատասխանել:
Երեկ մեր հարցին ի պատասխան, թե Վաչե Գաբրիելյանը փոխվարչապետի պաշտոնո՞ւմ է իրականացնելու սույն նախարարության գործառույթները, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «Մասամբ ինքը կիրականացնի, մասամբ էլ, ըստ վարչապետի որոշման, այլ մարմիններ կիրականացնեն»: Այսինքն՝ արդեն իսկ որոշված է, որ երեք փոխվարչապետներից մեկը Վաչե Գաբրիելյա՞նն է լինելու, եւ սա չի՞ նշանակում, որ պաշտոններն անձերի համար են ստեղծվում։ Դավիթ Հարությունյանը չմեկնաբանեց: Ի դեպ, նա ասաց նաեւ, որ վարչապետը կսահմանի փոխվարչապետների լիազորությունների շրջանակը: Սա միակ փոփոխությունը չէ, որ կատարվել է առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում