Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի Պաշտպանությա՞ն, թե՞ Ֆինանսների նախարարությունը. գործը դատարանում է

Մարտ 06,2018 10:17

2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել: Նախկին զինծառայողն ու նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության:

Աշխատունակության կորստի համար ՀՀ-ից, հօգուտ նախկին զինծառայողի, պահանջում են բռնագանձել 2015թ. սեպտեմբերի 5-ից յուրաքանչյուր ամսվա համար աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան չափով գումար: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդեց որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Միջնորդության դեմ առարկեց հայցվորի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նման գործերով փոխհատուցում տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության:

Պաշտպանության նախարարությունը փոխհատուցման պարտականություն կարող է կրել միայն օրենքով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում չկա իրավական դրույթ, որի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում անձի առողջությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցի պաշտպանության նախարարությունը: ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը և պատճառաբանեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին, և խնդիրը կարող էր լուծվել հայցվորի կողմից Պաշտպանության նախարարությանը դիմելու արդյունքում: Դրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը 2016 և 2017 թվականներին ներկայացված դիմումները, որով նախկին զինծառայողը խնդրել է փոխհատուցում տրամադրել:

Սակայն Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ մերժել է դիմումի պահանջի բավարարումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ պետական բյուջեով նմանատիպ դեպքերի համար փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներ չկան: Հայցվոր կողմի այս փաստարկը անակնկալի բերեց Ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Այնուամենայնիվ նա պնդեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան վարչություն և պետք է ներգրավվի որպես համապատասխանող: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ դատական նիստը 2018 թվականի մայիսի 18-ին է՝ ժամը 10.00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031