Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այսպիսի չարաշահումը մնում է ՀՀ ամենամեծ մարտահրավերը. Ռիչարդ Միլս. «1in.am»

Մարտ 05,2018 23:30

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

– Կոռուպցիան հիմնական խնդիրներից մեկն է, որի մասին Դուք բարձրաձայնել եք Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելուց անմիջապես հետո: Օրինակ, իմ կարծիքով՝ հնարավոր չէ հասնել լուրջ հաջողության կոռուպցիայի դեմ պայքարում՝ առանց ունենալու իսկապես ժողովրդավարական իշխանություն, առանց իշխանության փոփոխության ընտրությունների միջոցով և իշխանության լեգիտիմության շատ ամուր պաշարի: Ինչպե՞ս Դուք կբնութագրեք կոռուպցիան և դրա դեմ պայքարը: Այս տարիների ընթացքում որևէ առաջընթաց գրանցվե՞լ է:

– Դուք ճիշտ եք՝ հիմնական առաջնահերթություններից մեկը, որ ես հռչակեցի Հայաստան ժամանելուց հետո, աջակցելն էր Հայաստանում այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ: Դեսպանատունը տարբեր մեխանիզմներ ունի այդ աշխատանքների իրականացման համար: Դրանցից են, այո, ֆինանսավորել քաղաքացիական հասարակության այն խմբերին, որոնք աշխատում են այս խնդրի վրա: Մենք նաև մարզում, սովորեցնում ենք լրագրողներին հետաքննել կոռուպցիոն գործարքները, կարդալ բանկային հաշիվները և հետևել դրամական հոսքերին: Մեր գործունեության մյուս ուղղությունը աշխատանքն էր կառավարության, այն պաշտոնյաների հետ, ովքեր լծված էին կոռուպցիայի դեմ պայքարի գործին և ցանկանում էին փոփոխություններ իրականացնել համակարգում: Այդ պատճառով մենք որոշեցինք աջակցել հակակոռուպցիոն խորհրդին, որը ձևավորվեց նախորդ վարչապետի ղեկավարության ներքո, և մենք ուզում էինք տեսնել, թե այդ խորհուրդը կլինի՞ արդյունավետ: Մենք ի սկզբանե ասել էինք, որ եթե խորհրդի աշխատանքներն արդյունք չտան, մենք կդադարեցնենք մեր աջակցությունը: Եվ պիտի ասեմ, որ առաջին հարցերից մեկը, որ մենք քննարկել ենք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, վերաբերում էր հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքին, և երկուսս էլ համաձայնեցինք, որ խորհուրդն այնքան արդյունավետ չէ, որքան ուզում էինք, ուստի հակակոռուպցիոն խորհրդի համար նախատեսված միջոցները վերաուղղորդեցինք այլ նպատակների:

Բայց ինձ թվում է, որ անհրաժեշտ է նախևառաջ հստակեցնել, սահմանել, թե ինչի մասին ենք խոսում, երբ անդրադառնում ենք կոռուպցիայի խնդրին: Կարծում եմ՝ մենք հասել ենք էական առաջընթացի մի ոլորտում, և դուք կարող եք ուղղել ինձ, եթե սխալվում եմ: Դա այսպես կոչված՝ պետական, առօրյա մատուցվող ծառայությունների ասպարեզում կոռուպցիայի կրճատումն է: Սրանք այն ծառայություններն են, երբ մարդիկ դիմում են, օրինակ, վարորդական վկայական ստանալու, կենսաթոշակի, դպրոցի հետ կապված հարցերով: Կարծում եմ՝ այս ուղղությամբ քաղաքացիական հասարակության, կառավարության ջանքերով, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության այլ անդամների աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել դրական տեղաշարժեր արձանագրել:

Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031