Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին
05.03.2018թ.
Ելից 168/03
Դիմում
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքի թվով 11 տների ընտանիքներ, որոնք բողոքում են տարիներ շարունակ կոյուղագիծ չունենալուց, ինչի հետևանքով անձրևաջրերը և գարշահոտությունը ստեղծել են անտանելի պայմաններ (հատկապես՝ տաք եղանակի ընթացքում տարածվող գարշահոտությունը):
Բնակիչների դիմումի հիման վրա այսօր՝ 2018 թվականի մարտի 5-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Սոննա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը այցելեցին նշված հասցե և հանդիպեցին բնակիչներին ու տեղում ծանոթացան իրավիճակին:
Մեծահասակ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչները ցույց տվեցին, թե ինչպես են անձրևաջրերից խոնավացել իրենց տների պատերը, ինչպես է փողոցի կեղտը եկել կուտակվել տների դիմաց և տարածել գարշահոտություն, իսկ հոսող անձրևաջրերը ներքև իջնելով՝ լցվում են միայնակ մայր հանդիսացող կնոջ տուն:
Բնակիչների բազմաթիվ բողոք-պահանջները որևէ արդյունք չեն տվել: Նրանց պահանջը մեկն է՝ դեմ դիմաց գտնվող իրենց տների առջևով անցկացնել կոյուղագիծ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ կոյուղագծի բացակայության պատճառով թվով 11 տների բնակիչների սանիտարահիգիենիկ պայմանները անտանելի են՝ պահանջում ենք միջամտել և բավարարել քաղաքացիների պահանջը:
Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ