Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ակտիվորեն կշարունակվեն ընտրություններից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մարոկոյի իր գործընկեր Նասեր Բուրիտայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մենք որոշում ենք կայացրել շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ինտենսիվ բանակցությունները ընտրություններից հետո (ապրիլի 11-խմբ.)։ Այդ մասին տեղյակ ենք պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին» ,- ասել է Մամեդյարովը։
Նա նշել է, որ այս պահին որոշվում է բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը և անցկացման վայրը։ Նրա խոսքով` Հայաստանում և Ադրբեջանում նոր կառավարությունների ձևավորումից հետո բանակցությունները կշարունակվեն։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ