«Եթե պարզվի, որ հարյուր հազարավոր մարդիկ ուզում են թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, հավաքվում են Ազատության հրապարակում, այդ հանրահավաքները պետք է անդադար շարունակվեն, ֆիզիկապես պետք է գնան ու իրենց դիրքորոշումն արտահայտեն Ազգային ժողովի շենքի մոտ, ֆիզիկապես պետք է թույլ չտան, որ այդ գործընթացը տեղի ունենա՝ առանց զենքի, խաղաղ մեթոդներով, իսկ դրանից առաջ մարդիկ պետք է իրազեկվեն»,- այսօր Ազատության հրապարակում «Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերն ու անելիքները» քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ «Ինքս պատրաստ եմ շատ լուրջ գործողությունների իմ ասած կանոնների շրջանակում՝ առանց զենքի, խաղաղ, բայց մի պայմանով, ես պետք է համոզված լինեմ, որ ժողովուրդն ինձ, մեզ լիազորել է դա անել, եթե մենակ ենք անում, կամ փոքր խմբով, ստացվում է մեզ համար ենք անում, ում համար ենք անում, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Հանդիպման մասնակիցներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու էր Սահմանադրական փոփոխությունները ժամանակին որակում կեղծ օրակարգ՝ պահպանելով չեզոքություն ու նույնիսկ «ՈՉ-ի» պայքարին էլ չմիացավ, իսկ հիմա կոչ է անում՝ Սերժ Սարգսյանի վերարտադրման դեպքում դուրս գալ փողոց, եթե Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ էր իր համար, հիմա ինչ տարբերություն՝ ում կնշանակեն վարչապետ, չէ որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում էլ կային խոսակցություններ ու մտավախություններ, որ թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրվի վարչապետ, բայց կարող էր իր խոսքը չհամապատասխանել իրականությանը:
Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ մենք չեզոքություն չենք պահպանել, մարդկանց կոչ ենք արել, գնալ ու դեմ քվեարկել: Բացի այդ, մենք ասում էինք, որ նույնիսկ, եթե Սահմանադրությունը չփոխվի, 2018-ին Սերժ Սարգսյանին էլի կարող են առաջադրել վարչապետ, իսկ այն վարչապետը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, 2015 թվականին գործող Սահմանադրությամբ ավելի ուժեղ է, քան՝ երկրի նախագահը: Այդ փաստը տեսել ենք ՌԴ-ում, երբ Պուտինը երկու ժամկետ պաշտոնավարեց որպես նախագահ, երրորդ ժամկետում չառաջադրվեց, դարձավ վարչապետ, այդ ժամանակ, հարց չկար՝ ով է երկրի թիվ մեկ դեմքը, բոլորը գիտեին՝ Պուտինն է»:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ճիշտ չէր իշխանության վերարտադրության դեմ պայքարել երկու տարի առաջ, դրա դեմ պայքարելու ճիշտ ժամանակը հիմա է, ու իրենք այդպես մտածելով՝ խնայել են իրենց ուժերը այսօրվա «ճակատամարտի» համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ