2017 հունիսի 6-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ նշանակվեց Աննա Ստեփանյանը, որը մինչ այդ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր:
Այս նշանակումից անցել է 10 ամիս, սակայն տիկին Ստեփանյանը որեւէ անգամ մամուլի ասուլիսին հաշվետվությամբ հանդես չի եկել, չի տեղեկացրել իր ղեկավարած վարչության կատարած աշխատանքի, ծրագրերի մասին, չի պատասխանել լրագրողների հարցերին:
Թվում էր, թե Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ըստ մամուլի հրապարակումների, «Կրթություն եւ մշակույթ» կազմակերպության անունից իբրեւ կեղծ դիտորդ հանդես եկած այս տիկինն ավելի «բաց» պետք է աշխատեր` «չեզոքացնելու» համար իր անվան շուրջ եղած անբարենպաստ կարծիքը, սակայն, ընդհակառակը, նա «լռելյայն» աշխատաոճի կողմնակից է:
Նրա հետ հնարավոր չէ կապվել որեւէ քաղաքային հեռախոսահամարով, նրա օգնական կամ ենթակայությամբ աշխատող ինչ-ինչ աղջիկների «վերեւից», հավանաբար, հանձնարարված է ասել, որ «շեֆը» տեղում չէ կամ «կրկին փորձեք»:
Տիկինը այս ամիսներին երբեք հանրային չի գործել, հետեւաբար տեսնելիս գուցե դեմքով չճանաչենք նրան, փաստն այն է, որ Աննա Ստեփանյանը, չգիտես ինչու ամեն գնով «պաշտպանված» է լրագրողներից:
Կամ նա ոլորտին չի տիրապետում, կամ էլ հարցազրույցներում այնքան ճկուն չէ, որքան իր նախորդները, դրա համար էլ նրան արտոնված չէ մասնակի «ինքնագործունեությունը»:
Հանրակրթության ոլորտին վերաբերող մեկնաբանություններ, իհարկե, պարբերաբար տրվում են քաղաքապետարանից, բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի հանրակրթության վարչության պետի պաշտոն պահելը, եթե այդ պաշտոնակիրը միայն քաղաքապետին պետք է պատմի իր ղեկավարած վարչության մասին կամ լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն ուղարկի:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը երբեք նման «ուրբաթախոս» հանրակրթության վարչության պետ չի ունեցել, այդպիսին չեն եղել Գայանե Սողոմոնյանը, Օնիկ Վաթյանի հիվանդության ժամանակ տեւական շրջան նրան փոխարինած պետի տեղակալ Արմինե Վարդանյանը, ինքը` Վաթյանը, անգամ Սիլվա Խրիմյանը…
Ինչո՞ւ ենք առանձնացնում հանրակրթության վարչությունը: Այն պատճառով, որ Երեւանում համարյա չկա ընտանիք, որտեղ աշակերտ կամ ուսուցիչ չլինի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ