Վերջերս ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ուշագրավ մի քանի ուղերձներով հանդես եկավ: Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանն անդրադառնալով նա նշեց. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաեւ վաճառել Հայաստանին»: Անդրադառնալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, դեսպանը նշեց. «Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»:
Իսկ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մարտին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռեւս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես էր արձագանքել. «Դուք ապրում եւ սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարեւան երկրում ինչ են անում եւ ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»:
Հիշեցնենք, որ հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն անդրադառնալով նշեց, որ դրա «կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի»:
«Առավոտ»-ը ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի վերլուծաբան, ԵՊՀ ՔՄՀԿ գիտ․աշխատող, իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանին հարցրեց՝ իրանական կողմը որոշակիորեն բավարարված չէ՞ ՀՀ իշխանությունների քայլերից:
«Իրան-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս հաճախ ենք անդրադառնում Իրան-Ադրբեջան հարաբերություններին նաեւ ու սովորաբար մեկը մյուսով պայմանավորում: Բայց Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե ի հեճուկս, կամ ի վնաս մյուս պետության, այլ փորձելով լավ ու բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ։ Այս հարաբերությունները տարբեր հաջողություններ են գրանցում, բայց հարաբերություններում եղած խնդիրներն էլ համեմատական չեն։ Ադրբեջանի հետ ոչ միայն ճանապարհային ու երկաթգծի, այլ նաեւ ծովային կապ ունի Իրանը, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով կապերի ամրապնդումը Իրանի համար այլեւս արդիական չէ։ Իրանի դեսպանի խոսքը սեփական տան մասին մտածելու եւ հարեւանի տան մասին շատ չխոսելու վերաբերյալ, նույն խնդիրն է բարձրացնում։ Հեշտ է այսպիսի խոսույթը միշտ արդիական պահել ու ձախողումների մեջ էլ հետո մեղադրել «հարեւանի» տանից եկած նախաձեռնություններն ու քաղաքականությունը։ Բոլոր ոլորտներում եղած հապաղումների ու դանդաղումների համար պատասխանատու ենք ինքներս․ Իրանը բազմիցս է ապացուցել, որ կարեւորում է Եվրոպայի հետ կապող ուղիների դիվերսիֆիկացիան եւ այստեղ, եթե հաջողություններ չենք գրանցում, դրա պատճառը մյուս ուղիների առկայությունը չէ, այլ մերի բացակայությունը», նշեց մեր զրուցակիցը։
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի վերլուծաբան, ԵՊՀ ՔՄՀԿ գիտ․աշխատող, իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մարտի 6-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ