Այսօր Ազատության հրապարակում՝ «Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերն ու անելիքները» քննարկման ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ճիշտ չի լինի, պայքարել համակարգի դեմ, թե չէ, եթե համակարգը մնա, տարբեր անձերի է նշանակելու ու մեր կյանքը չի հերիքի այդ անձերի դեմ պայքարելու համար:
«Շատ կարեւոր հարց եք առաջ քաշում, իմ կարծիքով, այս գործընթացում նոր համակարգ է ձեւավորվում, այդ համակարգը ես համարում եմ Հայաստանի ադրբեջանացման գործընթաց, իսկ այն համակարգը, որ այսօր էլ կա, դրա հետ բոլորս խնդիր ունենք տարբեր շերտերում:
Ես Հայաստանում որեւէ անձի դեմ պայքարելու նպատակ չունեմ, խնդիրն այն է, որ անձերը որոշակի համակարգեր են մարմնավորում, հիմա շատ կարեւոր է թույլ չտալ, որ էդ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը տեղի ունենա… այստեղ կա քաղաքական կոնֆլիկտ, որը նոր է մտնում ուժի մեջ եւ դա կապված է Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտարարության հետ: Մինչեւ հիմա պայման է եղել, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվելու»,- հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե որոշում է կայացվում, որ գալու են Ազատության հրապարակ, կարող են ձեւակերպել երկու ծրագիր՝ օրինակ՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելն է եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ.
«Հստակ պետք է արձանագրենք խաղի երկու կանոն՝ ի վերջո, այս հարցերի վերջնական լուծումը կախված է նրանից, թե ՀՀ քաղաքացին ինչպես է արձագանքում այդ հարցերին, եթե որոշում ենք, որ պետք է գանք Ազատության հրապարակ, ապա հրապարակում քաղաքացիների ինչ ներկայություն ենք կարողանում ապահովել, եթե քաղաքացիների լայն ներկայություն ենք կարողանում ապահովել, ապա ինչ կոնկրետ գործողություններով ենք խնդիրը լուծելու: Ես կարծում եմ, որ այս քաղաքական գործընթացը պետք է բացառի որեւէ բռնություն, չպետք է լինի ստատիկ քաղաքական գործընթաց, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բոլոր մեթոդները կարող են կիրառվել, ու դրանք համարվում են քաղաքակիրթ պայքարի միջոց»:
Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե իրենք են բռնություն կիրառում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե նույնիսկ որեւէ բռնության, իրենք չպետք է բռնությամբ պատասխանեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ