Երեւանի 2-3 մասնավոր մանկապարտեզներում խուճապ է: Բանն այն է, որ մի մանկապարտեզում կարմրուկի դեպք է արձանագրվել, տնօրինությունը ծնողներին հորդորել է կարճ ժամանակով փոքրիկներին մանկապարտեզ չտանեն: Ու այս լուրը նաեւ այլ մանկապարտեզներում էլ է տարածվել, ծնողները մտահոգված են, չգիտեն՝ տանե՞ն երեխաներին մանկապարտեզ, թե՝ ոչ:
Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Երեխաներից մեկի մոտ թեթեւ ջերմություն էր, հարբուխ էր, բայց խուճապի էինք մատնվել, մտածում էինք՝ կարո՞ղ է էդ երեխայի մոտ էլ կարմրուկ լինի: Քանի որ գիտենք, որ ուրիշ մանկապարտեզում կարմրուկով երեխաներ կան, հիմա մենք մտածում ենք ապահովության համար մեր մանկապարտեզ էլ չտանենք երեխաներին»:
Aravot.am-ի հետ զրույցում «Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար» Գայանե Սահակյանը ծնողներին հորդորեց խուճապի չմատնվել, Հայաստանում կարմրուկի բռնկում չկա, ավելին՝ Հայաստանում կարմրուկի դեմ կոլեկտիվ բարձր իմունիտետ կա:
Տիկին Սահակյանն ասաց, որ իրենք մի մանկապարտեզում 6 տարեկան մեկ երեխայի մոտ են կարմրուկ արձանագրել. «Այս երեխան էլ հաստատ ինչ-որ մեկի հետ շփումից է վարակվել: Սակայն մեզ չհաջողվեց գտնել վարակի փոխանցման աղբյուրը, այսինքն՝ ծնողները չեն կարողանում ասել, թե հավանականությունը որտեղից կլինի, ասենք՝ շփվել է ցանով կամ ջերմությամբ այլ երեխայի հետ ու վարակվել: Եթե Հայաստանում վիրուսը ցիրկուլյացիա աներ, ապա մեզ մոտ հատուկենտ դեպքեր չէին լինի»:
Սահակյանի ներկայացմամբ՝ նաեւ 1 տղամարդու մոտ են արձանագրել կարմրուկ, բայց այս դեպքում վարակի փոխանցման աղբյուրը գտել են՝ նա Ռուսաստանից է եկել, եւ հենց այնտեղ էլ շփվել է վարակակրի հետ:
Մեր հարցին՝ վարակված երեխան պատվաստված չի՞ եղել, Սահակյանը պատասխանեց. «Այս երեխան կարմրուկի դեմ մեկ դոզա պատվաստում ստացել է ավելի փոքր տարիքում, մյուսն էլ, ըստ օրացույցի, պետք է 6 տարեկանում ստանար, բայց չէր ստացել: Ծնողներն, եթե անգամ չդիմեին, երեխան պատվաստված է եղել եւ ավելի թեթեւ է տանում: Մենք հսկողություն ենք սահմանում, եթե 20 օրվա ընթացքում չունենանք տարածում, այս դեպքերով կսահմանափակվենք»:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք շատ են հրաժարվում կարմրուկի պատվաստումից, ինչպես այլ պատվաստումների դեպքում, Սահակյանը պատասխանեց, որ շատ չեն, մեր երկրում կարմրուկի՝ ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) 97 % է պատվաստումների մակարդակը:
Վրաստանում կարմրուկի համաճարակ կա, արդյոք հարեւան երկրից հնարավո՞ր է համաճարակը մեզ մոտ էլ տարածվի, մեր այս հարցին ի պատասխան, տիկին Սահակյանն ասաց. «Այո, Վրաստանում համաճարակ է, բայց 2013-ին էլ այնտեղ համաճարակ էր, եւ այնտեղից արդեն վարակվածներ եկավ Հայաստան, չպատվաստված երեխաներ վարակվեցին, բայց դեպքերը քիչ էին: Մենք ասում ենք՝ այս պահին Հայաստանում կոլեկտիվ իմունիտետը այնքան բարձր է, որ կարմրուկի տարածում չի ստանա: Բայց այս երեխայի դեպքը ցույց է տալիս, որ մեկ դեղաչափ ստացել է, բայց իր մոտ լիարժեք իմունիտետ չի ձեւավորվել: Եվ ես հրաժարվող ծնողներին եմ դիմում՝ Վրաստանում բռնկում կա, Եվրոպայում էլ հանգիստ չէ, վարակը ցանկացած պահի երկիր կարող է գալ, եւ թիրախը առաջին հերթին չպատվաստված երեխաները կլինեն: Այնպես որ, հենց գալիս է երեխաների պատվաստման ժամանակաշրջանը, մի ուշացրեք, պատվաստեք»:
Թեեւ կարմրուկի դեմ պատվաստումը բավականին լավ է ընթանում մեր երկրում, սակայն, ինչպես ասաց Սահակյանը, հակապատվաստումային քարոզը բացասական է ազդում:
Սահակյանի ներկայացմամբ՝ հնգավալենտ (դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ, Հեպատիտ Բ եւ հեմոֆիլուսային վարակ) պատվաստումից ծնողներ կան, որ խուսափում են. «Մարդկանց վաղը պայմանավորված է համացանցում տարբեր կարծիքների առկայությամբ, սա անընդհատ քննարկվող թեմա է: Բայց քանի որ, այս պատվաստումը ջերմային ռեակցիա է առաջացնում, հիմնականում սրանից են ծնողները վախենում: Ծնողների մոտ այն համոզումն է, որ հիվանդությունները, եթե չկան, ավելի լավ է երեխաներին չտանջեն ջերմային ռեակցիայով: Բայց ես խնդրում եմ ծնողներին, պատվաստեք ձեր երեխաներին: Կրկնում եմ՝ վիրուսն ու բակտերիան սահմաններ չեն ճանաչում, եւ կարող են երկիր ներթափանցել ու առաջին թիրախը այս դեպքում կլինեն չպատվաստված երեխաները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Խաւարամիտ «հայրենասէրների» հակապատուաստումային արշաւը յաջողութեամբ առաջ է գնում՝ Հայաստանի հռչակաւոր բժշկակենսաբանութիւնը գլորելով միջնադար։
Հրաժարուէք պատուաստումներից։ Դա (առայժմ) ձեր իրաւունքն է։ Բայց մի օր ուղտը ձեր դռանը որ չոքի, ուրիշին չմեղադրէք։
Յ.Գ. կոլեկտիվ = ՀԱՒԱՔԱԿԱՆ, ցիրկուլյացիա = ՇՐՋԱՆԱՌՈՒԹԻՒՆ