Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարտ 05,2018 20:33

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ  Ժորժ Կեպենեկյանը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը  հանդես են եկել ելույթներով:

Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

«Մեծապես կարևորելով մեր երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատում եմ Երևանի և Լիոնի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր անկեղծ պատրաստակամությունը: Լիոն քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Առանձնակի ուզում եմ նշել, որ այս հարցում շատ մեծ է անձամբ պարոն Կեպենեկյանի ավանդը: Մենք հաջող համագործակցության օրինակներ ունենք նաև ֆրանսիական մի շարք քաղաքների հետ և կարևորում ենք տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը՝ ֆրանսիական մեր գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում: 2016թ. Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ համաժողովի համատեքստում Երևան-Լիոն համագործակցության ծավալները ներկայանալի էին», – նշել է Տարոն Մարգարյանն ու երկուստեք համագործակցության ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում առանձնակի կարևորել է նաև Լիոնի  հայ համայնքի ներդրումը:

Հատկանշելով, որ այս տարի համայն հայության մայրաքաղաք Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրել է կրկին այցելել Երևան և դառնալ  հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը:

«Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ ու հատկապես Ձեզ՝ հարգարժան իմ գործընկեր պարոն Կեպենեկյան, որ կրկին այցելեք Երևան ու դառնաք համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը: Վստահ եմ, սա նաև լավ առիթ կարող է դառնալ նոր ծրագրերի մշակման և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանը կհյուրընկալի նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչն իսկապես մեծ իրադարձություն է: Վստահ եմ, որ այն ևս մեկ խթան կդառնա համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Համոզված եղեք, որ մենք միշտ բաց և պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել և խորացնել տարիներ ի վեր մեր երկու քաղաքների միջև հաստատված  կապերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների:

«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար: Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», – նշել է Լիոնի քաղաքապետը:

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031