ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանի հրապարակային առաջարկին ՝ այսօր Ազատության հրապարակում հանդիպեց քաղհասարակության հետ եւ քննարկեց Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերն ու անելիքները:
Պատգամավորին հրապարակում դիմավորեցին բարեմաղթանքներով: «Երջանիկ լինես, ինչքան լավ բան կա, քեզ եմ ցանկանում»,- Նիկոլ Փաշինյանին ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:
«Իմ կարծիքով, իրավիճակ է զարգանում, երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրելու Սերժ Սարգսյանին, դա կարող է տեղի չունենալ միայն մի պարագայում՝ եթե լինի հանրային ճնշում, որովհետեւ դրան խանգարող ուրիշ հանգամանք չկա: Սա մի փուլ է, որ հանրությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն ունենա, կարծում եմ, որ այն քաղաքական ուժը, որը նաեւ իր գործունեության բերումով, ընտրության արդյունքներով որոշակի առաջնորդական դերակատարություն է ստանձնել. այդ հնարավորությունը պետք է տա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ «Ելքում» քննարկումները շարունակվում են ու մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտան: Նրա խոսքով, երբ քննարկումներն ավարտվեն, պարզ կլինի, թե ինչ հայտարարի են գալիս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ