Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես կին ներկայացող տղամարդու հաճախորդը իմացել է՝ ում մոտ է գնում». Նոր մանրամասներ տրանսգենդեր կնոջ ծեծի դեպքով

Մարտ 05,2018 19:07

Որպես կին ներկայացած տղամարդը՝ տրանսգենդերը, որը նախօրեին բռնության էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց, այսօր դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:

«Բայց վիճակն էլի կայուն չէ, ինչպես բժիշկներն են ասում՝ գանգուղեղային վնասվածքներ է ստացել, մարմնի վրա սալջարդեր ունի»,- Aravot.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ասելով, որ այսօր կրկին այցելել է տուժածին:

Մեր հարցին՝ փաստորեն տուժողը, ի սկզբանե, տղամարդու հետ էր ժամադրվել առանց հայտնելու իր՝ տրանսգենդեր լինելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ, որը տրանսգենդերի մոտ է գնում, հետո արդարանում է, որ ինքը չի իմացել, որ տրանսգենդեր կին է…յուրաքանչյուր տրանսգենդեր կին էլ մինչեւ հանդիպումներ ունենալը շեշտում է, որ տրանսգենդեր կին է»:

Լիլիթ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նշված դեպքում էլ, բռնություն կատարած տղամարդը նախապես տեղեկացվել է, որ հանդիպման է գնում տրանսգենդեր կնոջ հետ:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչից է վեճն ու ծեծկռտուքն առաջացել, Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց՝ իրար չեն հասկացել:

Մեր հարցին, իսկ վիճաբանությունն առաջացել է ծառայության մատուցումից առաջ, թե հետո, իրավապաշտպանը շարունակեց. «Նախ ծառայություն ասածը մի քիչ ուրիշ է, ես չեմ հասկանում՝ ծառայություն ասվածն ինչ է, սակայն իմ տեղեկություններով հետո է եղել»:

Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ տուժած տրանսգենդեր կինը մարմնավաճառ է, այս կապակցությամբ մեր զրուցակիցը լրատվամիջոցներին խորհուրդ տվեց. «Ես խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ մարմնավաճառ բառը չօգտագործեն, այլ օգտագործեն սեքս աշխատող, երկրորդն էլ չեմ մեկնաբանի՝ արդյոք նա սեքս աշխատող է, թե՝ ոչ»:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ որպես կին ներկայացած տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Անձը, որին մեղադրանք է առաջադրվել, սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է եւ պայմանավորվածություն է ձեռքբերել որպես կին ներկայացած օգտատիրոջ հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու շուրջ: Նա պայմանավորված ժամին պայմանավորված վայր է այցելել, պարզվել է, որ որպես կին ներկայացածն իրականում տղամարդ է, որից հետո նրա նկատմամբ բռնություն է գործադրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031