Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձի նստելը մի այիբ է, իջնելն՝ ուրիշ». թուրքագետը՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

Մարտ 05,2018 18:15

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայկական կողմը կարողացավ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից շատ հմուտ ձևով դուրս գալ, այնպես, որ միջազգային հանրության կողմից չարժանանա կշտամբանքի:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետն այս առիթով մանրամասնեց. «Հայացք նետելով վավերացման կասեցմանը, 2015-ին արձանագրությունների՝ խորհրդարանից հետկանչմանը՝ կարելի է ասել, որ շատ հմուտ ձևով հայկական կողմը կարողացավ այնպես դուրս գալ այդ գործընթացից, որ միջազգային հանրության կողմից չարժանանա կշտամբանքի առ այն, որ ինքը կառուցողական չէ և չի ցանկանում բնականոն հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»:

Հետադարձ հայացք նետելով կատարվածին՝ տիկին Հովհաննիսյանը փաստեց՝ ընդունված է ասել, որ նախաձեռնությունը պատկանում էր Սերժ Սարգսյանին, ինչը ֆորմալ առումով ճիշտ է, քանի որ նա է առաջին անգամ բարձրաձայնել այդ գործընթացը սկսելու մասին, սակայն ավելի վաղ՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ընթանում էին բանակցություններ:

Ըստ թուրքագետի՝ թուրքական կողմն էլ իր շահերն ու նպատակներն ուներ. «Ըստ էության թուրքական կողմը նույնպես իր համար ընդունելի համարեց բանակցությունները: Նրանք չեն հերքում, որ նախորդ շրջանում նույնպես այդ բանակցություններն եղել են, բայց Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի կողմից կարծր դիրքորոշման դրսևորումը հույսեր չէր ներշնչում, որ կկարողանան իրենց նպատակին հասնել»:

Ըստ Անուշ Հովհաննիսյանի՝ սկզբից ևեթ պարզ էր, որ եթե թուրքերն իրենց երեք նախապայմաններին չեն հասնում իրենց ուզած ձևակերպումներով, ուրեմն նրանք իրենց նահանջի տեղ են թողնում և ձև անում, թե գործընթացի մեջ են. «Թուրքական կողմին հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և բաց սահմանները ՀՀ-ի հետ, այլ գործընթացը, որը նրանք լիովին փորձեցին և օգտագործեցին իրենց շահերի համար:

Ըստ թուրքագետի՝ դեռ 2010-ի ապրիլին, երբ ՀՀ գործող կոալիցիայի կողմից կասեցվեց արձանագրությունների վավերացումը, Հայաստանի համար պարզ դարձան այն նպատակները, որոնք հետապնդում էր Թուրքիան. «Բայց ժողովրդական լեզվով ասած՝ ձի նստելը մի այիբ է, իջնելն ուրիշ: Եթե ՀՀ-ն, եթե այդ պահին փորձեր դուրս գալ գործընթացից կտրուկ ձևով, դա վատ կանդրադառնար ՀՀ-ի վրա, քանի որ արդեն իսկ այդ գործընթացի շնորհիվ ՀՀ-ն դարձավ միջազգային քաղաքական օրակարգի խաղացող, դերակատար, որոշակի հեղինակություն ձեռք բերեց: Այդ գործընթացի կասեցումը կբերեր շատ վատ հետևանքների Հայաստանի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031