Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց պատասխանել Երեւանի ավագանու նիստում օրերս գրանցված միջադեպի մասին հարցերին: Հիշեցնենք, որ նա ուժ էր գործադրել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանի Մարինա Խաչատրյանի հանդեպ: «Այսօր այն օրը չէ, որ ավելորդ հարցեր տաք: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, հարցազրույցը տվել եմ»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «որտե՞ղ եք հակաահաբեկչի որակավորում ստացել»: Հիշեցնենք, որ հարցազրույցում Գոռ Վարդանյանն ասել էր, որ ինքը, լինելով հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխել էր «Երկիր Ծիրանի»-ի ահաբեկչությունը: Հարցին նա այսպես արձագանքեց. «Հետաքրքրվեք՝ կտեսնեք…դուք թերի կրթություն ստացած լրագրողի հարցեր եք տալիս»:
Վարդանյանը պնդեց, որ իր մասնագիտական որակումը չի մեկնաբանելու: «Լավ, երեխեք ջան, գնացեք, ես ձեզ շատ եմ սիրում»,-ասաց նա լրագրողներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ