Մարտի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում սկզբունքային և հետևողական դիրքորոշման համար։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝ ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:
Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:
Ասկերանի և Բուկ-Բել-Էրի միջև բարեկամության հռչակագիրը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ