Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ-ն, կանանց առաջ դռներ բացելով, խթանում է Հայաստանի համայնքներին

Մարտ 05,2018 16:58

Գենդերային անհավասարության և կարծրատիպերի պատճառով հայ կանայք կարող են հրաժարվել մասնակցել նոր նախաձեռնություններին: Շատերը վախենում են, որ հասարակությունը և իրենց ընտանիքները չեն աջակցի իրենց, և այսպիսով նրանք առավելագույնի չեն հասցնում իրենց ներուժը: Շնորհիվ Եվրամիության (ԵՄ) ծրագրերի և աջակցության՝ հայ կանայք հաղթահարում են իրենց վախերը և օգտվում են նոր, կյանք փոխող հնարավորություններից:

Գոհար Ցականովա. գիտնական, որը նպաստում է ուղեղի հիվանդությունների բուժման եվրոպական հետազոտությանը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Երևանում գտնվող բարձրահարկ շենք է: Ակտիվ և աշխույժ, որտեղ սպիտակ խալաթներով մարդիկ մի սենյակից մյուսն են շտապում: Գոհար Ցականովան նրանցից մեկն է. երիտասարդ գիտնական, որը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, նա նաև ավագ գիտաշխատող է և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրենը:

Գոհարի պատմությունը սկսվեց 2012-ին, երբ նա ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան: Նա համապատասխան երաշխավորությամբ մասնակցեց ԵՄ կազմակերպած գիտական հանդիպումներին Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի Մարի Սկլոդովսկա-Քուրիի գործողության շրջանակներում:

«Դա իմ՝ միջազգային գիտատեխնոլոգիական կազմակերպչական ոլորտում երկար և հետաքրքիր ճանապարհորդության սկիզբն էր: Մինչև այս միջոցառումը ես միայն կենտրոնացած էի իմ հետազոտությունների վրա»,- ասում է Գոհարը՝ ավելացնելով, որ հանդիպումներին մասնակցությունը դրական ազդեցություն է ունեցել իր կարիերայի վրա, «Ես երբեք չէի հանդիպել այսպիսի ջերմ, արդյունավետ և արդյունաբերությանն ուղղված հետազոտական մթնոլորտ, ինչպես այս տարբեր գիտական հանդիպումների ժամանակ»:

Հանդիպումներին մասնակցությունը հանգեցրեց հետագա համագործակցության: Եվրոպական գիտական և բժշկական համայնքը, որի աշխատանքներին ներգրավված է Գոհարը, առաջարկել է կիրառել կլինիկական միկրոփնջային ճառագայթման թերապիան որպես չարորակ և բարորակ պաթոլոգիաների համար համեմատաբար քիչ ինվազիվ եղանակ, որն ապագայում կարող է մարդկանց կյանքեր փրկել:

Գոհարը նաև համագործակցում է եվրոպացի հետազոտողների հետ, որոնց հանդիպել է 2014-2017 թվականի հանդիպումների ընթացքում: Արդյունքում 2017 թվականին նրանք ստացել են դրամաշնորհ համատեղ հայ-գերմանական նախագծերի համար՝ քաղցկեղային հետազոտությունների ոլորտում:

Գոհար Ցականովան կարծում է, որ նման գիտաժողովներին մասնակցությունն իր նման գիտնականների համար դռներ է բացում, քանի որ նրանք ծանոթանում են եվրոպացի գիտնականների և նրանց աշխատանքների հետ, և իրենք այդ գիտելիքներով վերադառնում են իրենց երկիր:

Սաթենիկ Խաչատրյան. Էրասմուս շրջանավարտ, որը գյուղից մեկնեց չորս ԵՄ երկրներ

Սաթենիկ Խաչատրյանը միշտ ցանկացել է մագիստրոսի կրթություն ստանալ Հայաստանից դուրս վաղ մանկական տարիքի երեխաների կրթություն և խնամք ոլորտում: Նա փնտրում էր համապատասխան ծրագիր, երբ նրան հնարավորություն ընձեռվեց Էրասմուս ծրագրի միջոցով սովորել Եվրոպայի մի քանի համալսարաններում:

«Իմ գաղափարն էր այնպիսի մագիստրոսական կրթություն ստանալ, որը ինձ հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ իմ երկրում»,- ասաց Սաթենիկը: «Երբ ես ուղարկեցի իմ դիմումը, ես չէի պատկերացնում, որ իմ կրթական ամբիցիաները պատրաստվում են ինձ տանել Նորվեգիա»:

Ակերսխուս համալսարանը և կիրառական գիտությունների քոլեջը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, համակարգում էր ծրագիրը, որին մասնակցել է Սաթենիկը: Նորվեգիայից հետո, նա շարունակել է իր ուսումը Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտում, Իռլանդիա, Մալթայի համալսարանում և Գոթենբուրգի համալսարանում, Շվեդիա: Սաթենիկը այս փորձը համարում է լավագույն բաներից մեկը, որն իր հետ կատարվել է, քանի որ այն միավորել է իր երկու սիրելի բաները՝ ուսումը և ճանապարհորդությունը:

«Երբ ավարտեցի ծրագիրը, ես հնարավորություն ունեի շարունակել իմ ուսումը կամ ունենալ նոր աշխատանք արտասահմանում, բայց ես միշտ գիտեի, որ ես ուզում եմ վերադառնալ Հայաստան և փոփոխություն բերել»,- ասում է Սաթենիկը: Տուն վերադառնալուց երկու ամիս անց Սաթենիկը աշխատանք գտավ Վորլդ Վիժն Հայաստանում՝ որպես Գեղարքունիքի մարզի Երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի համակարգող:

«Կարծում եմ՝ ես «կենդան օրինակ» եմ գյուղական համայնքներում երեխաների և ծնողների համար»,- եզրափակում է Սաթենիկը: «Նրանք մտածում են, որ չեն կարող արտասահմանում սովորել, քանի որ այստեղ են ապրում: Ես միշտ որպես օրինակ իմ պատմությունն եմ բերում, նրանց պատմելով, թե ինչպես դիմումը, որը ուղարկել էի գյուղի փոստից, հանգեցրեց ինձ սովորելու չորս եվրոպական երկրներում և որոշեց կարիերայի իմ ճանապարհը»:

Մարի Լու Փափազյան. Ստեղծարար կենտրոնի տնօրենը օգտագործում է տեխնոլոգիան հայ դեռահասներին եվրոպական արժեքներ սովորեցնելու համար

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը հիմնադրվել է 2011 թվականին, հայ դեռահասների համար դարձել է սիրված վայր: Կենտրոնն ունի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ 12-18 տարեկան հազարավոր երիտասարդներ իրենց ուսումնական ծրագրներն են իրականացնում փորձառու ուսուցիչների և մեդիա փորձագետների ղեկավարությամբ:

ԵՄ-ն աջակցել է «Թումո»-ի առաջարկած մի քանի ծրագրերի ԵՄ-ն նորարության համար նախաձեռնության շրջանակներում, որը ներառում է նաև հակակոռուպցիոն խաղը:

«Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը կարծում է, որ նախագծի ամենակարևոր ասպեկտը նախագծի ուսումնական բաղադրիչն է և փորձը, որն այն տալիս է. «Ուսանողներն են ստեղծում հակակոռուպցիոն խաղը: Նրանք շատ են մտածում, թե ինչ է կոռուպցիան, ինչպես լուծել կամ կանխել այն, և ինչն է կարևոր իրենց երկրի կամ քաղաքի համար: Դա օգնում է նրանց հասկանալ, թե ովքեր են իրենք և ինչ դեր ունեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի»:

Նա գիտի, որ մեկ օրում չի կարելի փոխել վերաբերմունքը և վարքագիծը, բայց երիտասարդների հետ աշխատելը լավ սկիզբ է. «Երբ օրինակներ ես բերում և ցույց ես տալիս նրանց տարբերությունը, որ այդ օրինակները կարող են անել, նրանք դառնում են այդ գաղափարների դեսպանները: Նրանք սկսում են խթանել և հարգել դրանք»: Նման խաղերի մեջ ներգրավված լինելը օգնում է երիտասարդներին հասկանալ փիլիսոփայությունը և արժեքները, որոնք «առանց կոռուպցիայի» վարքագծի և մտածելակերպի հետևում են, ավելացնում է նա: Սա հույս է տալիս, որ երբ նրանք կմեծանան, խաղի գաղափարները կիրականացնեն գործնականում:

Սիրանուշ Անդրեասյան. Կոոպերատիվի տնօրենը գյուղը տանում է գյուղատնտեսական հաջողության

Սովետական Միության փլուզումից հետո Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում բնակվող Անդրեասյանների ընտանիքը կորցրեց իր աշխատանքը և ստիպված էր զբաղվել գյուղատնտեսությամբ: «Մենք այլընտրանք չունեինք»,- ասում է Սիրանուշ Անդրեասյանը՝ ընտանիքի մայրը:

Գյուղի կանայք սովորույթ ունեին միմյանց փոխանցել կաթ: Հետո կանայք որոշեցին ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ («Մանթաշի Միլենա», որի տնօրենն է) և վաճառել իրենց ապրանքները շուկայում: Նրանք գնեցին անհրաժեշտ տեխնիկան, բայց այն հին էր և չէր համապատասխանում շուկայի ստանդարտներին: Սկզբում կաթնամթերքը լավ էր վաճառվում, հետո խանութները սկսեցին չընդունել այն:

«ENPARD-ը [«Արտադրող խմբեր և արժեշղթաների զարգացում»] հայտարարեց հայտադիմումների ընդունում, և մենք որոշեցինք դիմել»,- ասում է Սիրանուշը, «Դիմումը ընդունվեց և դարձավ փրկություն մեզ համար»:

Ծրագրի շրջանակներում «Մանթաշի Միլենա» կոոպերատիվը ստացել է անհրաժեշտ սարքավորումները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին: «Շնորհիվ ԵՄ-ի մենք ունենք մեր կոոպերատիվը, մեր սերտիֆիկատը, և խանութները ընդունում են մեր արտադրանքը»,- ասում է Սիրանուշը: «Մենք արտադրում ենք որակյալ արտադրանք և կարող ենք վաճառել մեր պանիրը և եկամուտ ունենալ»:

Աջակցելով կոոպերատիվին՝ ENPARD-ը աջակցում է նաև Մեծ Մանթաշ համայնքին: Սիրանուշը հպարտանում է, որ գյուղատնտեսությունը դրդում է մարդկանց մնալ տանը: «Առաջ շատ մարդիկ լքում էին գյուղը՝ փնտրելով աշխատանք Հայաստանի այլ հատվածներում կամ արտասահմանում: Փոփոխություններ սկսեցին և շատ մարդիկ մնում և աշխատում են իրենց համայնքում»:

Անի Խաչատրյան. Եվրոպացի երիտասարդ դեսպան, որն ունի ընկերներ բոլոր երկրներում

Անի Խաչատրյանը եվրոպացի երիտասարդ դեսպան է: Եվ չնայած երիտասարդի համար անսովոր է ունենալ նման բարձր կոչում, բայց դա հնարավոր է: Անին՝ ԵՄ և վեց Արևելյան գործընկեր երկրներից մրցակցային եղանակով ընտրված 200 երիտասարդներից մեկն է: Եվրոպացի երիտասարդ դեսպանները տարածում են ԵՄ արժեքները և քննարկում են երիտասարդների անմիջական մտահոգությունները:

Անին միշտ հետաքրքրված է եղել ԵՄ-ով, նրա՝ Հայաստանի հետ հարաբերություններով և ծրագրերով, որոնք իրականացնում է երկրում: Նրա հետաքրքրությունները կրկնապատկվեցին, երբ 2015 թվականին այցելեց Բրյուսել և ծանոթացավ ԵՄ ինտեգրացիայի պատմությանը: «Դա հիանալի հնարավորություն էր հասկանալ, թե ինչպես են աշխատում ԵՄ ինստիտուտները, և ինչպես է ԵՄ քաղաքականությունը մշակվում և իրականանում»,- ասում է Անին: «Այցից հետո, ես հասկացա, որ ես ցանկանում եմ խթանել եվրոպական արժեքները իմ երկրում»:

Եվրոպացի երիտասարդ դեսպաններ նախաձեռնությունը Երիտասարդ եվրոպացի հարևաններ ցանցի մասն է, որը ստեղծել է ԵՄ ֆինանսավորում ստացող Բաց հարևանություն՝ հաղորդակցվել հանուն ավելի ուժեղ համագործակցության. Միացնելով Արևելյան հարևանության քաղաքացիներին նախագիծը:

«Այս նախագիծը ինձ տալիս է ոչ միայն մասնագիտական փորձ,- ասում է Անին, -նաև սա հնարավորություն է շատ ընկերներ ձեռք բերել: Կարծում եմ՝ սա իմ ամենամեծ ձեռքբերումներից է: Ես կարող եմ մատս դնել ցանկացած եվրոպական երկրի վրա և հպարտ ասել, որ այնտեղ ընկերներ ունեմ»:

***

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերը տարբեր են, բայց նրանք բոլորն էլ կիսում են համայնքների զարգացման նպատակը՝ անհատների զարգացմանը միտված ներդրումներ կատարելով: Մասնակցելով այս ծրագրերին և իրենց կյանքում փոփոխություններ կատարելով՝ այս կանայք դարձել են ոգեշնչման աղբյուր ուրիշների համար: Նրանք կոտրում են հայ հասարակության մեջ կանանց դերի մասին կարծրատիպային տեսակետը և օգնում են քաջալերել այլ կանանց հետևել իրենց երազանքներին:

Ամի Չիչակյան

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031