«Բա ո՞նց չի առաջադրի, ինչու մտածում եք՝ ուրիշ մարդո՞ւ պետք է առաջադրեր»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե «ՀՀԿ-ն առաջիկայում Սերժ Սարգսյանի՞ն է առաջադրելու վարչապետի պաշտոնում», ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ իր համար էլ է Սերժ Սարգսյանն անփոխարինելի. «Եթե որեւէ մեկը մտածում է, թե նրանից ավելի շատ գիտակից ու խելացի է, շփոթվում է»:
Դիտարկմանն ի պատասխան, թե տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Դե այն ժամանակ ուրիշ քաղաքականություն էր, այն ժամանակ Սահմանադրություն չէր փոխվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ՀՀԿ-ում արդեն հստա՞կ է, Սերժ Սարգսյանն է վարչապետի թեկնածուն»:
Մանվել Գրիգորյանը նշեց. «Ես 100%-ով ուզում եմ, որ նա լինի: Ես նրան վստահում եմ, նրա հետ առաջին իսկ օրից ճանապարհ եմ անցել: Նա միշտ նվիրվել է այս երկրին, անցել ամեն ինչի միջով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան…Նա բոլոր տեսակի ծառայությունները մատուցել է այս երկրին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ