Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազգային հերոս. կոչու՞մ, թե՞ պարգեւ

Մարտ 05,2018 15:43

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Գեւորգ Կոստանյանն, որն այսօր հանձնաժողովի նախագահի կարգավիճակով առաջին նիստն էր վարում, դիտողություն արեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Կառավարությունը հերթական անգամ ծավալուն օրակարգ է ներկայացրել խորհրդարանին` նիստից կարճ ժամանակ առաջ: «Քանի որ, ընդհանուր առմամբ, սա ֆորսմաժորային իրավիճակ է՝ այսքան օրենքներ, այսքան ծավալով կարճ ժամանակում քննարկում ենք, այս անգամ մենք ուղղակի այս պրոցեսը կանցնենք։ Բայց այսուհետ ինձ համար, վստահ եմ՝ նաեւ մեզ համար անընդունելի է, այսպիսի բան էլ չի լինելու»,-ասաց Գեւորգ Կոստանյանը`հանձնաժողովի անդամներին խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվի:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց`ինքը դեռ երեք ամիս առաջ պատգամավորներին տեղեկացրել է, որ նման մեծ օրակարգ են բերելու ավելին, անգամ ասել է, որ նախագծերը հերթով դրվելու են e-draft.am կայքում`քննարկման: Գեւորգ Կոստանյանը նկատեց`այս ընթացքում 200-ից ավելի նախագծեր են եղել խորհրդարանում, պատգամավորներն աշխատել են ծանրաբեռնված ռեժիմով, չէին կարող հավելյալ աշխատանք կատարել:

Հանձնաժողովի նիստում բուռն բանավեճի տեղիք տվեց «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով սահմանված է, որ Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: «Հատուկ կոչումները» նախագծով չեն նախատեսվում: Դեռ 2016-ին, նախագահի հրամանագրով, դադարեցվել էր հատուկ կոչումների տրամադրումը: Մինչ այժմ տրված «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը մնում է ուժի մեջ, այդ անձինք եւ նրանց ընտանիքի անդամները կշարունակեն օգտվել բոլոր արտոնություններից, ինչը նախատեսված էր այդ կոչմամբ:

Հարցը երկար բանավեճի տեղիք տվեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բարեհունչ չի համարում, որ Հայրենիքի շքանշան ստացած մարդը կոչվի «Ազգային հերոս»: Նախագծով է այդպես սահմանված: Ասում է՝ ճիշտ է հակառակը, քանի որ «Ազգային հերոս» լինելն ավելի կարեւոր է: Պատգամավորները դեմ չեն, ավելին ճիշտ են համարում դիտարկումը: Կառավարությունում դեմ են: Համենայնդեպս, Դավիթ Հարությունյանն ասում է`հակասում է Սահմանադրությանը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էլ նկատում է` կոչումն ու մեդալը չենք կարող հավասարեցնել կամ համեմատել, առանձին կատեգորիա պետք է սահմանենք: Առաջարկեց առանձին շքանշան սահմանել` Ազգային հերոս:

Հարցը վերջնական հանգուցալուծում կստանա առաջինից-երկրորդ ընթերցում ընկած հատվածում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031