«Ծառուկյան» դաշինքի քվեարկությամբ մենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցինք նոր նախագահին, որ ինքը պատասխանատվություն զգա ընդդիմության, իշխանության և ողջ ժողովրդի առջև: Մենք հաշվարկված ճիշտ քայլ արեցինք»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բագրատյանը վստահեցրեց՝ իրենց քվեարկությունը ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին քաղաքական դաշտում ազատ գործելու հնարավորություն է տալու. «Մենք հնարավորություն տվեցինք նորընտիր նախագահին ավելի ազատ մանևրել քաղաքական դաշտում և տնտեսության մեջ»:
Հարցին՝ ինչո՞ւ չսատարեցին ԵԼՔ-ի թեկնածու Արտակ Զեյնալյանին, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Այս դեպքում ՀՀ նախագահը երկրորդ փուլում կընտրվեր 65 ձայնով և կմղվեր իշխանության դաշտ: Դրանով մենք խնդիր կառաջացնեինք ընդդիմության համար և նորընտիր նախագահից անաչառություն չէինք կարող պահանջել»:
Դառնալով ՀՀ նախագահի՝ սահմանափակ լիազորությունների մասին հարցին՝ պարոն Բագրատյանն ասաց. «Նախագահն անկուսակցական է, և, բնականաբար, այն քաղաքական իրողությունները, որ նախկին նախագահը տիրապետում էր, նոր նախագահը նման ցանկություն ու լիազորություն չունի: Դա ավելի կօգնի, որ ավելի ազատ, անաչառ սկզբունքներով երկրում կարողանան հավասարություն ստեղծել քաղաքական դաշտում: Սա առավելություն և ոչ թե թերություն»:
Պատգամավորի կանխատեսմամբ՝ տարեվերջին հետաքրքիր քաղաքական իրավիճակ կունենանք. «Ենթադրում եմ, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը, գիտակցելով երկրում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման անհրաժեշտությունը, պատրաստ է նաև համագործակցել ՀՀ նորընտիր նախագահի, քաղաքական ուժերի և քաղհասարակության ակտիվ հատվածի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ