«Իհարկե կա նրա տեսակը՝ նրա մարտական ընկերներն այսօր էլ պատրաստակամ են»,-լրագրողների հետ զրույցում այսօր պատասխանելով հարցին, թե «ներկայումս առկա՞ է Վազգեն Սարգսյանի հաղթող տեսակը», ասաց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր այցելած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Անդրադառնալով Ալիեւի՝ Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու հայտարարությանը, նա նկատեց. «Պատերազմը որքան էլ սկսի, չեմ կարծում, թե մեր ժողովուրդը մտահոգվելու խնդիր ունի: Մենք պատրաստ ենք այդ պատերազմին դիմակայելու եւ սահմանն ամուր պահելու»:
Նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ այսօր հզոր բանակ ունենք. «Պատերազմից չպետք է վախենալ, դա այնքան սովորական պետք է լինի մեր համար: Միշտ էլ պատերազմի մեջ ենք եղել»:
Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական կողմն ավելի պատրաստ է, որովհետեւ դասեր է քաղել. «Թուրքը մնում է թուրք եւ ցանկացած պահի կարող է մեզ անակնկալի բերել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ