Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյան. «Մեծ ռինգ վերադարձա միայն 10-րդ գոտու համար»

Մարտ 05,2018 14:57

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն եւ ընդհանուր առմամբ աշխարհի ինը չեմպիոնական գոտի նվաճած Վիկ Դարչինյանը կրկին Հայաստանում է:

Այսօր անվանի բռնցքամարտիկը հանդիպեց լրագրողների հետ:

«Բռնցքամարտիկի ակտիվ կարիերան, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին: Սակայն մարտ ամսին ինձ Ռուսաստանից առաջարկեցին գոտու մենամարտ անցկացնել Եվգենի Գրադովիչի հետ: Ես ինը գոտի ունեմ եւ համաձայնեցի՝ տասներորդն ունենալու համար: Առաջարկից հետո երեք շաբաթվա ընթացքում մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ եւ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի: Մոտ 15 րոպե ռինգի հաստակին էր: Այդ մարտի տեսագրությունը ուղարկել եմ Ռուսաստան, որից հետո նրանք դեռ լռում են, սակայն ասում են, որ մենամարտը կկայանա: Իսկ թե ե՞րբ, դեռ չգիտեմ: Սպասում եմ վերջնական պատասխանին:

Հիմա Հայաստան եմ եկել հանգստանալու, ընկերներիս տեսնելու: Իմ երկիրը շատ եմ սիրում եւ տարին առնվազն երեք անգամ գալիս եմ: Այստեղ ինձ շատ լավ ու ջերմ են դիմավորում: Այս անգամ էլ ընդունեցին Հայաստանի եւ Արցախի նախագահները: Ես էլ ուզում եմ իմ երկրի մարզիկներին ինչ-որ բանով օգտակար լինել: Ցանկանում եմ իմ անունով պրոումոթերական ընկերություն ստեղծել: Գիտեմ, որ այստեղ լավ բռնցքամարտիկներ կան, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում էլ հաջողությունների հասնել եւ գումարներ աշխատել: Բայց այդ հնարավորությունը չունեն: Նպատակս սկզբնական շրջանում նրանց իրենց փորձելու հնարավորություն ստեղծելն է: Մնացածն արդեն իրենցից է կախված լինելու: Ես որ դարձա աշխարհի չեմպիոն, ինձ միայն մենամարտելու հնարավորություն էին տվել եւ ես օրուգիշեր մարզվելով կարողացել եմ ապացուցել, որ կարող եմ ամեն ինչի հասնել:

Իմ ազգանունն Ամերիկայի հեռուստաընկերություններում հայտնի է: Եվ եթե այնտեղ իմանան, որ Վիկ Դարչինյանի բռնցքամարտիկներն են, մեր տղաների համար ավելի հեշտ կլինի: ԱՄՆ-ում ամեն մի քաշային կարգում առնվազն հազար բռնցքամարտիկ կա, եւ այնտեղ շատ դժվար է հեռուստաընկերության ներկայությամբ մենամարտելը: Մոտ քսան մենամարտ պիտի անցկացնես, որպեսզի հեռուստաընկերությունը քո մենամարտերը ցուցադրի: Ինձ թվում է, որ իմ անունը բավական է, որպեսզի արդեն սկզբնական շրջանում մեր բռնցքամարտիկների մենամարտերը ցուցադրեն:

Մարզիչ աշխատելն ինձ համար դժվար կլինի: Բռնցքամարտիկի հետ կաշխատեմ, նրան կտամ այն, ինչ ունեմ, բայց ամբողջ օրը տրամադրել, լինել դահլիճում, մեծ պատասխանատվություն է: Ավելի շուտ մարզիչներ կնշանակեմ, որպեսզի մարզիկների հետ պրոֆեսիոնալի ոճով պարապեն», – ասաց Վիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վիկ Դարչինյանի ասուլիսն ավելի մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031