Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական գաղափարի նվիրյալնե՞ր», թե՞ «մանր ժուլիկներ»

Մարտ 05,2018 15:00

ԲԴԽ անդամների վիճահարույց ընտրությունը

«Վա՜յ, փաստորեն կեղծվել են, ես տեղյակ չէի»,- «Առավոտի» հարցին այսպես հումորով արձագանքեց օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գեւորգ Դանիելյանը: Պարոն Դանիելյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում արդարություն ապահովող մարմնի «կեղծված» ընտրություններին: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են:

ՀՀ չորրորդ նախագահի` մարտի 2-ի ընտրության շուրջ զարգացումները մի տեսակ ստվերեցին նոր ստեղծվող Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը: Հիշեցնենք. փետրվարի 28-ին խորհրդարանն ընտրեց Բարձրագույն դատական խորհուրդ: Խորհրդի անդամներն են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը եւ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։ Խորհուրդը նոր մարմին է: Այն պետք է երաշխավորի դատարանների անկախությունը: Նաեւ նախագահին առաջարկելու է դատավորների, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը եւս այս խորհրդի իրավասության ներքո են:

Խորհրդի անդամների ընտրության արդյունքներով, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել էր 96 «կողմ» եւ ընդամենը 2 «դեմ» ձայն: Նա ամենաշատ «կողմ» ձայներն էր ստացել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ելքի» բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, «դեմ» են քվեարկել Գեւորգ Դանիելյանին եւ Գագիկ Հարությունյանին: «Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից՝ ուղղված «Ելք» դաշինքին»,- ընտրության ելքի մասին հայտարարեց «Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում էլ պահանջեց, որ քրեական գործ հարուցվի այդ քվեարկության առիթով: Մեզ հետ զրույցում նորընտիր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց. «Դա արդեն իմ խնդիրը չէ, այլ հայտարարություն անողի եւ մարդկանց, որոնք իրավասու են այդ հայտարարությանն ընթացք տալ»: Գեւորգ Դանիելյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ արդարադատություն եւ արդարություն ապահովող մարմնի գործունեությունը կասկածով է մեկնարկում: Ասաց. «Ոչ թե կասկածով է սկսվում, այլ ամեն ինչ արվում է, որ կասկածի տակ դրվի: Դրանք տարբեր խնդիրներ են»: Հետաքրքրվեցինք` նման միտո՞ւմ է տեսնում, ինչո՞ւ է դա արվում: «Միտում տեսնելու խնդիր չունեմ: Դա իմ խնդիրը չեմ համարում, ուղղակի ասում եմ այն, ինչ որ կա: Ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս. մի կողմը հայտարարում է, որ ինքը կասկածներ ունի, մի կողմն էլ հայտարարում է, որ նման կասկածներն անհիմն են: Կլինե՞ն ինչ-որ տպավորություններ, դա ուրիշ խնդիր է: Գոնե պետք է ասեմ, որ ձայների քանակն այնքան բարձր էր, որ այստեղ խոսել մի քանի ձայնի ավել-պակասի մասին ուղղակի ողջամիտ չէ»,- ասաց մեր զրուցակիցը:
Երեկ «Առավոտը փորձեց հասկանալ` սրանք զուտ քաղաքական հայտարարություննե՞ր էին, թե՞, այնուհանդերձ, «Ելք»-ն այս ամենին իրավական ընթացք կտա: Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ քննարկում են, բայց հավանաբար հարցին իրավական ընթացք կտան:

Գեւորգ Դանիելյանից նաեւ հետաքրքրվել էինք` ի՞նչ մեխանիզմներով են խորհրդի անդամները արդարություն ապահովելու երկրում, մանավանդ, որ քննարկումներից ակնհայտ դարձավ` խորհրդի անդամների նկատմամբ հանրության շրջանում վստահություն չկա, քանի որ նրանք պաշտոնավարել են, եւ այդ շրջանում կարծես արդարությունը չի հաղթանակել: Գեւորգ Դանիելյանն ասաց, որ հարցը ծավալուն է եւ ծավալուն պատասխան է ենթադրում: Միաժամանակ նկատեց. «Ձեր հարցերի մեջ ես նկատում եմ գնահատականներ: Դա ձեր գնահատականն է, մի հնչեցրեք ինձ որպես փաստեր: Ասում եք` հանրության շրջանում չկա վստահություն: Ես էլ կարող եմ ասել, որ հանրության շրջանում, իսկապես, կա մի հատված, որը չի վստահում, բայց ձեր գնահատականներն ուղղորդված են: Դուք լրագրող եք, փորձեք ինքներդ անաչառ լինել: Ինձնից անաչառություն եք ակնկալում, բայց ինքներդ անաչառ չեք. արդեն գնահատական ունեք, թե հանրությունն ինչ է մտածում, սոցիոլոգիական հարցո՞ւմ եք արել…»: Շարունակեցինք` շատ փորձագետներ տարակուսանք են հայտնում մասնավորաբար Ձեր եւ Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի կազմում լինելու մասով, որովհետեւ նախկինում պաշտոնավարել եք բավական բարձր պաշտոններում եւ… «Շատ փորձագետներ էլ ճիշտ հակառակն են մտածում: Հետեւաբար հանրության մեջ միշտ էլ լինում են տարաձայնություններ` ցանկացած հարցի շուրջ էլ: Եթե դուք դա ուզում եք հրամցնել, որ ձեզ համար առավել հիմնավորված է մի տեսակետը, դա ձեր խնդիրն է: Այդ տեսակետով շարունակեք: Կան լրագրողներ, որոնք այլ տեսակետ ունեն»,- ասաց Գեւորգ Դանիելյանը` իրեն ուղղված հարցերն ուղղորդված որակելով:

Որ ՀՀԿ-ականները Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները կեղծելու ոչ մի ողջամիտ դրդապատճառ չունեին` փաստում է նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը: Իր համար առնվազն տարակուսելի է Հաշվիչ հանձնաժողովում «Ելք» դաշինքի ներկայացուցչի հայտնած տեսակետը, թե ինքը կասկած ունի, որ քվեարկված քվեաթերթիկները փոխվել են, մանավանդ, որ Լենա Նազարյանն ինքն էլ ստորագրել է վերջնական արձանագրությունները` առանց իր կասկածների մասին հատուկ կարծիք գրելու: «Միգուցե ուզում են պահպանել սեփական ընդդիմադիր կեցվա՞ծքը»,- տարակուսում է Խոսրով Հարությունյանը: «Ելք»-ի պնդումներին, որ ՀՀԿ-ն ցանկանում է պառակտել իրենց խմբակցությունը, Խոսրով Հարությունյանը հակադարձում է. «Մենք անընդհատ լսել ենք` ընդդիմությունը չի հաջողում, քանի որ իշխանությունը փորձում է պառակտել… Թող չպառակտվեն: Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ. կան փաստեր` եկեք քննարկենք, չկան…»:

Անդրադառնալով մասնավորաբար Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի նկատմամբ անվստահության մասին խոսակցություններին էլ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ում դա դուր կգա, ում դուր չի գա, մենք պետք է փաստենք` ՍԴ-ն մեզանում, որպես միջազգայնորեն ճանաչված ինստիտուտ, կայացել է հիմնականում եւ գլխավորապես Գագիկ Հարությունյանի գիտական ջանքերի շնորհիվ»: Այն, որ ՍԴ նախագահ եղած տարիների ընթացքում Գագիկ Հարությունյանը չի նպաստել Հայաստանում արդարության համար ճանապարհ բացելուն` օրինական հայտարարելով բոլոր կեղծված ընտրությունները, Խոսրով Հարությունյանը հակադարձում է. «Երբ ասում եք՝ «կեղծված ընտրություն», ապա օրենքը նկարագրում է այդ հայտին նախորդող ընթացակարգ. տեղամասային հանձնաժողովում ձեր ներկայացուցիչը պետք է խախտումներ արձանագրի, հատուկ կարծիք գրի եւ կցի արձանագրությանը: Ապա դա պետք է բողոքարկել դատական ատյաններում, հետո` ՍԴ-ում, եթե արդյունք չեք գրանցել: Իսկ ՍԴ, որպես կանոն, բերվում է քաղաքական մտադրությունների հռչակագիր` առանց իրավական փաստերի»: Խոսրով Հարությունյանը հիշեցնում է` ընդդիմության կողմից կեղծված համարվող 2008-ի ընտրություններում վերահաշվարկի 156 դիմում է ներկայացվել, սահմանված ժամկետում 132 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում 700 ձայն փոխվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, 4-ում` Սերժ Սարգսյանի: Հետաքրքրվեցինք` նույնը կարո՞ղ է մեր զրուցակիցը պնդել 1996 թվականի ընտրությունների մասով: Արձանագրելով, որ այդ ընտրությունների տեխնոլոգիաներն էապես տարբերվում էին հաջորդած բոլոր ընտրություններից, մեր զրուցակիցը ասում է. «1996-ի ընտրություններին ինքս պաշտպանել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եղել եմ նրա քարոզչական խմբի անդամներից մեկը: Խորապես համոզված էի, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր եւ դրա մասին բազմաթիվ հոդվածներ եմ գրել: Բայց ձայների տարբերությունն այնքան քիչ էր` 48-52, որ հանրությանը, որի մոտ կար իշխանությունների նկատմամբ արդար ընդվզում, կարող էր փողոց հանել, մանավանդ, որ քաղաքակրթական կամ ժողովրդավարական այնպիսի ավանդույթներ էլ չունեինք, որ վստահեինք այդ թվերին:

Ես հիմա էլ եմ այն կարծիքին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվել էր»: Խոսրով Հարությունյանը ընտրական գործընթացներում էական է համարում իրավական փաստերի գոյությունը, ոչ թե քաղաքական հայտարարությունները: Շատ էական է համարում Գեւորգ Կոստանյանի բարձրացրած հարցը` ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ի որեւէ որոշում երբեւէ միջազգային ատյանում չի բողոքարկվել: Ավելին, ՄԻԵԴ-ում ՍԴ-ի որոշումները հիմք են ընդունվում:

Խոսրով Հարությունյանը Գագիկ Հարությունյանին համարում է իր գործին «խենթի պես նվիրյալ»: Ինչ վերաբերում է Գեւորգ Դանիելյանին, ասում է. «Նա ներքին սահմանադրություն ունեցող մարդ է: Նրանք դատական իշխանության նվիրյալներ են, սահմանադրական գաղափարների նվիրյալներ են: Համոզված եմ՝ նրանց կհաջողվի իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում այդ համակարգում լուրջ փոփոխություններ անել: Գոնե ես այդ ակնկալիքով եմ քվեարկել»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031