Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտների եւ մանկավարժների մի մասին ճանապարհածախս են տալիս, այլոց`ոչ

Մարտ 05,2018 14:07

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. փետրվարի 1-ին ընդունել է թիվ 16-Ա որոշումը, որով մարզի Դեղձավան գյուղից մինչեւ Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր, Ներքին Հովքից մինչեւ Հովք, Ներքին Գոշից Գոշ մեկնող յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը սահմանվել է 100 դրամ, Իջեւան քաղաքից Հովք գյուղ մեկնող մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը` 300 դրամ: 2018թ. պետական բյուջեով «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 1 միլիոն 775 հազար 100 դրամ:

Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Կիրանց գյուղերից շուրջ 20 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ ուսումնառության համար մեկնում է Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի եւ Իջեւանի միջնակարգ դպրոցներ: Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն Աճարկուտ-Իջեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումներ է իրականացնում, մեզ հայտնեց, որ շուրջ 20 տարի ինքը բարեգործական հիմունքներով անվճար փոխադրել է այդ աշակերտներին, այդ բարեգործական միկրոավտոբուսի շարժիչի hամար գործարար Միքայել Վարդանյանը 2017 թվականին գումար է նվիրաբերել:

Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ուղարկված գրավոր հարցման մեջ նշելով մարզպետի թիվ 16-Ա որոշման մասին, հարցրել ենք. «Ինչո՞ւ Աճարկուտ եւ Կիրանց գյուղերից Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի դպրոցներ, Այգեհովտից Կայանի դպրոց ամեն օր մեկնող դպրոցահասակ երեխաների, Կոթի գյուղից Բարեկամավանի դպրոց մեկնող մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ չեք վճարում»:

Ի պատասխան ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի գրությունը, ուր նշված է. «Տվյալ համայնքից այլ համայնք մեկնող մանկավարժներին եւ աշակերտներին տրանսպորտային փոխհատուցում տալու համար անհրաժեշտ է համապատասխան դպրոցի կողմից մարզպետարան ներկայացված գրության առկայությունը»:

Հավելենք, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի ենթակայությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031