Լրահոս
Օրվա լրահոսը

Եկմալյանի բնակիչների տները իրացնելիս գլխավոր երաշխավորը պետությունն է եղել

Մարտ 05,2018 14:30

Այսօր կառավարությունը ձեռքերը լվացել է, մի կողմ քաշվել

Նախագահականից վարչապետի մոտ, այստեղից էլ՝ Երեւանի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանի մոտ. արդեն 12 տարի է՝ Եկմալյան փողոցի իրացված տների սեփականատերերը այս շրջապտույտի մեջ են: Նրանք էլ իրացման գոտիների հարյուրավոր բնակիչների պես անտուն են. ապրում են վարձով, հարազատների ու ծանոթների տանը: Պետությունը ձեռքերը լվացել է այս քաղաքացիներից` չնայած տներն իրացնելիս գլխավոր երաշխավորը հենց ինքն է եղել` բնակիչներին նամակներ է ուղարկել ու երաշխավորել, որ հին տների դիմաց նոր բնակարաններ կստանան կամ էլ գումարային փոխհատուցում: Սակայն ո՛չ մեկից, ո՛չ մյուսից բնակիչներին բաժին չի հասել: Կոնկրետ Եկմալյան հասցեի բնակիչներին կառավարությունը բնակարան է խոստացել, երբ տարածքը հանուն պետության գերակա շահի իրացրել է ու հանձնել կառուցապատող Գագիկ Պապոյանին: Կառուցապատողն այսօր բանտում է խարդախության մեղադրանքով: Բնակիչներն էլ` դրսում, անտուն: Գագիկ Պապոյանը շենքի կառուցումն այդպես էլ չի ավարտել, դեռեւս չկառուցված բնակարաններն էլ կրկնակի, եռակի, անգամ քառակի վաճառել է տարբեր քաղաքացիների վրա, որոնց թվում են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ ու մանր ու միջին չինովնիկներ, որոնք իրենց հարցերն ի վերջո լուծել են, երբ այլ ընկերության` «Լոգիկոն»-ի միջոցով կառավարությունը շենքի առողջացման ծրագիր է նախաձեռնել. կիսատ մնացած շենքն ավարտին է հասցվել, բայց Եկմալյան փողոցի բնակիչներին այդտեղից տուն չի հասել:

Եկմալյանի բնակիչները, որպես տարածքի նախկին սեփականատեր, առաջինը պետք է բնակարան ստանային, սակայն, ինչպես նրանք են ասում, որ պաշտոնյան ու մեծահարուստը Բաղրամյան 26-ում, կառավարությունում մտերիմներ ունեին՝ իրենց հարցերը լուծել են եւ բնակարանները ստացել:

Դատարանները պատճառաբանել են, թե նրանցը առուվաճառքի պայմանագրեր են:
«12 տարի է՝ պայքարում ենք, էլ չենք դիմանում, ո՛չ վարձն են տալիս, ո՛չ ապրելու տեղ են հատկացնում, ո՛չ հետաքրքրվում, թե ինչպես ենք անտուն ապրում: Ասում են` երբ տարածքը վաճառվի, ձեզ կբավարարենք: Տարածքն էլ աճուրդի է դրված, բնակիչների կեսը մահացել են, կեսս էլ չգիտենք՝ մինչեւ կյանքի վերջը կստանա՞նք, թե՞ ոչ: Ստացան նրանք, որոնք պաշտոնյաների հետ կապեր ունեին կամ պաշտոնյաներ էին, իսկ բնակիչները չստացան»,-«Առավոտի» հետ զրույցում ասում են բնակիչները:

Ժամանակ առ ժամանակ կառավարության որոշումն այս տարածքի համար ուժը կորցնում է, եւ այն կրկին աճուրդի է հանվում, բայց, եկմալյանցիների խոսքով, պոտենցիալ ներդրողներին կառավարությունն այնպիսի պայմաններ է առաջարկում, որ խուսափում են: Եկմալյան փողոցի բնակիչները պահանջում են, որ կառավարությունը զիջումներ անի ու վերջապես տարածքը մեկին հանձնի, որպեսզի իրենց հարցն էլ լուծվի: Ըստ նրանց՝ իրացված տարածքը 4000 քառակուսի մետր է եւ չի կարելի այն մաս մաս վաճառել, քանի որ այդպես բնակիչների հարցը չի լուծվի: Օրերս էլ այդ տարածքում բնակիչները շարժ են նկատել եւ պարզել, որ 4000 քմ-ից 1400 մետրը գնել է Արմեն Բաղդասարյան անունով ոմն մեկը, որը պատրաստվում է այդ հատվածում շենք կառուցել: Բնակիչների խոսքով՝ կա՛մ իրենց պիտի փոխհատուցեն, կա՛մ, եթե այդտեղ շենքի հիմքը սկսեն փորել, «արյուն են թափելու», քանի որ կրկին իրենց անտեսելու են ու հարցը չեն լուծելու: Արդեն կառուցված շենքը, որտեղից այս բնակիչներն էլ պիտի բնակարաններ ստանային, ներկայումս ավտոլվացման կետ ու ավտոկայանատեղի ունի, դեպի այդ ամենը տանող ճանապարհն էլ հենց բնակիչներից մի քանիսի տան տեղով է անցնում: Բնակիչների խոսքով՝ իրենց հաշվին բիզնես է ծավալվում, միլիոնների եկամուտներ են ստանում, սակայն այսօր իրենք անգամ բնակարանի վարձի գումարներ չեն գտնում, որ վարձը վճարեն:


Այսօր Գագիկ Պապոյանից ու կառավարությունից խաբված են Եկմալյան փողոցի շուրջ 30 սեփականատերեր: Եվ որքան էլ կառավարությունն իր որոշումներից մեկով ամրագրել է, որ այդ տարածքի նոր ներդրողը պետք է բոլոր սեփականատերերին ապահովի բնակտարածքներով, իրացված տների բնակիչները չեն հավատում ու ասում են, որ հենց ներդրող հայտնվի` ոչ թե բնակարան, այլ գումարն են պահանջելու: Նրանց խոսքով՝ մինչ իրենց տներն իրացնելը պետությունն է նամակներ ուղարկել ու երաշխավորել գործընթացի իրագործումը, սակայն նույն կառավարությունն այսօր անզոր է գտնվել, որպեսզի հարցին մի լուծում գտնի:

Եկմալյանցիների խոսքով՝ իրենց տարածքի հարցերով վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանն է զբաղվում:

 

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031