Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է ձյունանուշիկ». Գեւորգ Պետրոսյան

Մարտ 05,2018 13:57

ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանադրական օրենք է:

Նախագծի հիմական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց` նախագծով կարգավորում են հանրաքվեի անցկացման սկզբունքները, հանրաքվեին մասնակցելու իրավունքը, հարցի` հանրաքվեի դնելու կարգը, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու եւ հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

Այս նախագծի էական կարգավորումներից մեկն էլ այն է, որ ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ՀՀ կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի: Նախագիծը ներկայացվում է ՀՀ Ազգային ժողով, որը քննարկում է հարցը եւ երկամսյա ժամկետում որոշում կայացնում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե ՀՀ Ազգային ժողովը մերժում է հարցը, ապա այն երկրորդ անգամ ներկայացնելու իրավունք տրվում է այն դեպքում, եթե մերժումից 60 օրվա ընթացքում եւս 300.000 քաղաքացի միացել է նախաձեռնությանը եւ դիմում է ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար:

Նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ ընտրական մշակույթի առումով ներկայացված նախագիծը նորույթ չի պարունակում, քանի որ ԸՕ-ում առկա թիրախային կետերում փոփոխություն չի նախատեսում. «Դիզայնի, արտաքին շղարշի համար է»:

Ապա առաջարկեց մանկավարժական կազմին ընդհանրապես արգելել զբաղվել նախընտրական քարոզչությամբ, ինչպես ուժային կառույցների աշխատողների դեպքում է. «Մասնավորապես ինչպես գործող ԸՕ-ում այնպես էլ այս օրենքի նախագծում արգելվում է քարոզչություն կատարել ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին իրենց պարտականությունները կատարելիս: Հաջորդ կետը դատավորներին, դատախազներին, քննչական մարմիներին ծառայողներին, ոստիկաններին, ԱԱԾ աշխատողներին, պետական ծառայության մյուս ոլորտում ընդհանրապես չի կարելի: Բայց մենք գիտենք, որ նախընտրական շրջանում խախտումները կատարում են, ոչ թե դատավոր դատախազներ, քննչական ծառայողները, նրանք հավանաբար ընդհանրապես մասնակցություն չեն ունենում, հիմնական ընտրակեղծարարության բեռը, ցավոք, դրված է մանկավարժական կադրերի վրա: Լավ գիտեք, որ տնօրենը եւ ուսուցիչները աշակերտների ծնողներին կանչում են`պատճառաբանելով իրենց աշխատաժամանակից դուրս է: Շատ ներողություն, ես, դուք կամ որեւէ մեկս մեր աշխատաժամանակից դուրս դադարում են պատգամավոր լինելուց: Կարո՞ղ է դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է ձյունանուշիկ: Նա նույն իր կարգավիճակն ու ազդեցությունը պահպանում է աշակերտների ծնողների նկատմամբ»:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հակադարձեց. «Եթե մանկավարժներին հանենք նախընտրական քարոզչության սուբյեկտներից, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք՝ պետք է բուժանձնակազմին էլ չթողենք նախընտրական քարոզչությանը մասնակցել կամ որեւէ այլ սոցիալական ծառայություն մատուցողներին պետք է չթողենք կամ ազատենք»: Նա հիշեցնում է` քարոզչություն իրականացնել արգելված է ոչ թե հանրային ծառայողներին, այլ հատուկ ծառայություն իրականացնողներին: Ինքը կարծում է, որ օրենքի անհրաժեշտությունը կա, ժողովրդավարության իրականացան համար. «Ձեր առաջարկը որ ընդունենք քիչ ժողովրդավար կդառնա թե իրավական, թե քաղաքական տեսակետից»:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի համար երկու դիտարկումներն էլ համատեղելի են. «Այսօրվա իրավիճակն այնպիսն է, որ ուսուցիչների 90 տոկոսը մեկ կուսակցության անդամ են: Սա որոշակիորեն խտրականության սկզբունքի հակասություն է: Եթե նույն տոկոսային հարաբերությունները լինեին, ինչ կուսակցության անդամները հասարակությունում են զբաղեցնում, ձեր ասածը ճիշտ կլիներ»: Արտակ Զեյնալյանն էլ առաջարկեց` սահմանափակում դնել կուսակցական դառնալու համար:

Գեւորգ Կոստանյանի համար այս առաջարկն էլ անընդունելի էր: Հիմնավորում է. «Մեր մանկավարժներն ավելի շատ այս կուսակցության անդամ են, վաղը այլ կուսակցության կլինեն, ըստ այդմ էլ տանք օրենսդրական միջամտություն՝ անընդունելի է: Ուսուցիչների օրինակը բերելով՝ հանրությունն այլ սոցիալական ծառայություն մատուցողների մասին չենք խոսում. Ինչո՞ւ չենք խոսում, քանի որ օրինակ չի եղել: Եվ եթե այս օրինակն առկա է, ուրեմն պետք է սահմանափակե՞նք քարոզչությանը մասնակցելու իրավունքը: Դուք ինքներդ լավ իրավաբաններ եք, պարոնայք, ձեր առաջարկների մասին ավելի խորը մտածեք»:

Հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանն էլ կարծիք հայտնեց, որ հանրային ծառայողին ընդհանրապես արգելելով քարոզչությամբ զբաղվել, զրկում ենք քաղաքացուն Սահմանադրությամբ սահմանված քաղաքական կյանքին մասնակցելու իր իրավունքից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031