Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Լաքոթ. «Ֆրանկոֆոնիան վեկտոր է, որի շնորհիվ Հայաստանը կբացվի աշխարհի առաջ»

Մարտ 05,2018 14:28

2018 թ. հոկտեմբերին Երևանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթաժողովը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այդ առիթով առաջարկում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիր», որը կմեկնարկի մարտի 12-ից եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 12-ը:

Ինչպես նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մարտի 5-ին Ֆանկոֆոնիական միջոցառումների մեկնարկի առիթով դեսպանատանը կազմակերպված ասուլիսում, Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերենի դերակատարության ամրապնդման գործում: Նա փաստեց, որ շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում խոսում է ֆրանսերեն եւ այն դեմոգրաֆիական ամենամեծ աճ գրանցած լեզուն է՝ 2050-2060թթ. ֆրանսերեն խոսողների թիվը կհասնի 700 000 000-ի:

Մանրամասները`  տեսանյութում

Դեսպանը նաեւ հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և կամ գաստրոնոմիայի միջով:

Ծրագիրը կբացվի մարտի 12-18-ը «Մոսկվա» կինոթատրոնում, Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնով: Ընդհանուր առմամբ կցուցադրվի 9 ֆրանսերեն ֆիլմ՝ ռուսերեն և հայերեն ենթագրերով: Փառատոնը կբացվի Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» Սեզարի 13 անվանակարգերում առաջադրված ֆիլմով, իսկ փակմանը կցուցադրվի Էրիկ Տոլեդանոյի և Օլիվիե Նակաշի «Տոնական խառնաշփոթ» կատակերգությամբ:

Ժոնաթան Լաքոթն անդրադարձավ նաեւ գաստրոնոմիայի եւ պատկերապատումների զուգակցմանը, ասաց, որ մարտի 19-22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար, «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող, և դիզայներ Գիյոմ Լոնի այցը: Նրանք ներկայացնելու են իրենց «Խմելու եւ ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» գիրքը: Նախատեսված է նաեւ մասնակցություն «Ֆրանսիայի համը» միջոցառմանը: Ֆրանկոֆոնիայի միամսյակի հաջորդ միջոցառումը «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում» տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի մարտի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային նորությունների նոր՝www.culturefrance.am կայքում: Լավագույն 6 թեկնածուները հնարավորություն կստանան լուսանկարվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից և դառնալ Հայաստանում ֆրանսերենի դեսպանները, նրանց լուսանկարները կցուցադրվեն Երևանի փողոցներում, իսկ առաջին մրցանակակիրը հնարավորություն կստանա մեկնելու Ֆրանսիա:

Դեսպանն ասաց, որ ուզում են Ֆրանկոֆոնիան տոն ընկալվի, նաեւ մտերմիկ շփումների հարթակ դառնա:

Մանրամասները` տեսանյութում

Ի թիվս այլ միջոցառումների, Ժոնաթան Լաքոթը խոսեց նաեւ Ֆրանկոֆոնիայի օրերը եզրափակող Ժյուլ Մասնեի Մանոն օպերայից, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով ապրիլի 11-ին և 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դեսպանն ասաց, որ նման բեմադրություն անելու նախաձեռնությունը Կոնստանտին Օրբելյանինն է:

Նա նաեւ հավելեց, որ քանի որ 2018 թվականը հայտարարված է Ֆրանկոֆոնիայի տարի, դեսպանատունը կաջակցի Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների, այդ թվում Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին նվիրված, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան», «Ռեանիմանիա», «Ռոլան» կինոփառատոններին: «Ֆրանկոֆոնիան շատ կարեւոր վեկտոր է, որ շնորհիվ Հայաստանին հնարավորություն կընձեռվի բացվել աշխարհի առաջ, այն նաեւ Երկիր մոլորակի վրա իր հաստատուն տեղը կնվաճի իբրեւ Ֆրանկոֆոն երկիր»,- կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանն էլ խոսեց Հայաստանում ֆրանսերենի դասավանդման մասին: Ասաց, որ ԿԳ տվյալներով, տարեցտարի ֆրանսերեն սովորողների թիվն աճում է: Նա հավելեց, որ 2018 թ. ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց է զբաղվում:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երանի՜ ձեզ: Անպայման մասնակցէք: Ֆրանսիական մշակոյթը, լեզուն, արուեստը, խոհանոցը … անասելի գեղեցիկ են, ես կ’ասէի՝ աստուածային:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031