Իշխող ՀՀԿ-ն դեռ չի սկսել քննարկումները`վարչապետի թեկնածության շուրջ: Այսօր այդ մասին ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խորհրդարանական ճեպազրույցներում:
«Քաղաքականությունը խայտաբղետ է: Քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում: Ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին ու հավակնություններին տուրք տալ»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը` հերթական անգամ պատասխանելով լրագրողների այն հիշեցումներին, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր`չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում:
Վահրամ Բաղդասարյանը կրկնեց` Սերժ Սարգսյանը միանձնյա չէ որոշում կայացնելու, թիմը պետք է որոշի. «Երբ մենք կքննարկենք հարցը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր կհրաժարվեն ու կհիմնավորեն իրենց որոշումը, մենք կհարգենք դա»: Բայց բոլոր կուսակցականները, այդ թվում Սերժ Սարգսյանը, պետք է ենթարկվեն կուսակցական որոշումներին:
Վահրամ Բաղդասարյանը սեփական օրինակը մեջբերեց. ասաց`այնպես չէ, որ գիշերները չի քնել եւ երազել է դառնալ ՀՀԿ խմբակցության ղեկավար, բայց քաղաքական թիմն այդպես է որոշել: Լրագրողներից մեկի հարցին` Սերժ Սարգսյա՞նն էլ պետք է ենթարկվի կուսակցության որոշմանն այնպես, ինչպես ինքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բա իհարկե»:
Նա նաեւ ասաց, որ եթե ՀՀԿ-ն որոշի առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ վերջինս հրաժարվի`պետք է հիմնավորի իր հրաժարումը:
Ի դեպ, իշխանական պատգամավորը խորհուրդ տվեց կարդալ Չերչիլի կենսագրությունը, նրա հայտարարությունները եւ համոզվել, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
Լրագրողներից մեկը հարցը տարավ տղայական հարթություն: «Տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում: Իսկ որ պահին քաղաքականությունը վերածենք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ