Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին

Մարտ 05,2018 12:53

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է 89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

Մարզում առևտրաշրջանառությունը 2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1,9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ: Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ:

Մարզում արտահանման ծավալը 2017-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ պակաս է 3 մլրդ դրամով: 2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35.2 մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ: Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018թ.-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հա վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50%-ը: Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները: Մարզում 28000 հա ոռոգելի վարելահողերից 2017թ. ոռոգվել է 14000 հա-ն: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հա-ով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հա ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հա: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հա ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», – նշել է վարչապետը:

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017 թ. տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազ. դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով: Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազ. դրամ: 2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել 171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

Ըստ մարզպետի՝ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը 136 է, որոնցից փակվել է 124-ը, փակման ենթակա է ևս մեկ աղբավայր: Համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը 2017-ին կազմել է 634, իսկ 2018-ին կանխատեսվում է կնքված պայմանագրերի թիվը հասցնել 1400-ի: 2017-ին աղբահանության վճարներից գանձումը կազմել է 47.4 մլն դրամ, իսկ ծախսը՝ 154 մլն դրամ: 2018-ին աղբահանության վճարներից մուտքերը նախատեսվում են 130 մլն դրամ, իսկ ծախսը` 146 մլն դրամ: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 90%-ը: Նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել տեղական վճարների տեսքով և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքից և ընդգծել, որ պետության կողմից սուբսիդավորման արդյունքում տրամադրվող միջոցները հնարավոր կլինի ուղղել համայնքներում այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ մարզի բժշկական հաստատություններում 2017-ին արձանագրվել է վճարովի ծառայությունների 20%-ի աճ: Նախորդ տարվա ընթացքում վճարովի ծառայությունները կազմել են 121.9 մլն դրամ՝ տարեկան բյուջեի 7.3%-ը։ Մարզի բուժհիմնարկների 2018-ի բյուջեն կազմում է 1 մլրդ 453 մլն 662 հազ. դրամ, որը 2017-ի համեմատ նվազել է 5.6%-ով։ Հաշվի առնելով 2017-ին բուժհիմնարկներում կատարված օպտիմալացման աշխատանքները` նախատեսվում է ընթացիկ տարում վճարովի ծառայությունների մուտքերի կտրուկ աճ մինչև 170.7 մլն դրամով, 2017թ. համեմատ շուրջ 40%-ով։ Օպտիմալացման արդյունքում Աշտարակի և Ծաղկահովիտի ԲԿ-ներում պլանավորվել է խնայել 63.4 մլն դրամ, որը կուղղվի նախորդ տարիներին կուտակած կրեդիտորական պարտքերի մարմանը, կապիտալ ծախսերին և բուժսարքավորումների ձեռքբերմանը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներից և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու ընդլայնմանը:

Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում առկա է 117 դպրոց, 116 հազար աշակերտ, 2266 ուսուցիչ, իսկ դպրոցների օպտիմալացման ծրագիրն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում կլինեն զգալի տնտեսումներ: «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», – ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031