Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Ինքս ինձ հետ» մտորումների ժողովածուն: Այս ժողովածուն գրողի ներանձնական մտորումների ու դիտարկումների միջոցով մարդկային բարքերն ու հարաբերությունները իր պրիզմայով ներկայացնելու փորձ է: Գրքում նկարագրված գունագեղ ու բազմերանգ աշխարհի ամեն մի արահետը ընթերցողին տանում է հայրենի բնության գեղակերտ անկյունները, նրան տոգորում սիրո, կարոտի, բարության, լույսի ու հավատի վեհ զգացումներով: Ջերմ սիրով ու խանդաղատանքով, ցավով ու կարոտով են հյուսվել ծնողներին, հարազատներին, գյուղի մարդկանց ու մտերիմներին նվիրված ձոներգերը, իսկ «Կարոտի կանչով» հրաշալի կենսապատումը կորուսյալ հայրենի եզերքի, նրա անկրկնելի բնաշխարհի ու մարդկանց մասին հյութեղ պատմությունն է: Ծնունդով սպիտակաշենցի (Շամխորի շրջան) Մ. Բարսեղյանը մեջբերում է.
Մեր պապերը եկել են Ջագիր գյուղից
Հիմնել նոր գյուղ ու այն կոչել Սպիտակաշեն,
Տեղանքին են հարմարվել, բարիք քաղել քարերից
Ու ավանդել, որ նախնյաց հիշատակը վառ պահեն:
Իր պատկերավոր լեզվով, գունեղ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող ժողովածուն գրողի ութերորդ հոգեզավակն է:
Բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանն առաջաբանի փոխարեն բաց նամակի տեսքով է հանդես եկել. «Այո, Ձեր «հոգեզավակ» գրքերում «ինքներդ ձեզ հետ եք»՝ Ձեր անցած արգասավոր ճանապարհի յուրօրինակ անդրադարձներով, բայց անհատի կյանքի զիգզագների երեւակման միջոցով հարափոփոխ ժամանակների խաչմերուկներով «վեր եք բարձրացրել» եւ դրանով իսկ ներկայացրել հայրենի երկրի, մայր ժողովրդի անցած դժվար ուղու տեսլականը, մարդկային ճակատագրերի իրական կենսապատումը»:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»
03.03.2018