Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կալանավորների ծնողների համառ հետևողականության շնորհիվ դատախազը պաշտոնազրկվեց, պատասխանատվության կանչվեց և օրերս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Մարտ 05,2018 12:36

Իրանում պատասխանատվության են կանչվում պաշտոնատար այն անձինք, որոնք հաչս համաշխարհային հանրության հեղինակազրկել են պետության։ Իրանի անվտանգության ծառայության (Տեղեկատվության նախարարության) նախկին նախարար Յունոսին,-որն այժմ նախագահ Ռոհանիի խորհրդականն է-, անդրադարձել է 15 տարի առաջվա դեպքերին և իրանցի-կանադացի կին լրագրող Զահրա Քազեմիի սպանության համար մեղադրել է մայրաքաղաքի դատախազ Սաիդ Մոռթազավիին։

Ըստ Անվտանգության օրվա նախարար պրն Յունեսիի՝ 2003 թվականի հունիսին Ոստիկանության կողմից կալանված և լրտեսության կասկածանքով իրենց մոտ փոխադրված Բրիտանական «Կամերա փրես» լրատվական գործակալության լուսանկարիչ տիկին Քազեմիի գործունեությունում լրտեսության մեղադրանքն ապացուցող փաստեր չեն հայտնաբերել։ Դատախազ Մոռթազավին դեմ լինելով անվտանգության ծառայության եզրակացության, հրահանգում է կալանավորին և լրտեսության գործի քննությունն իրավասու նախարարությունից վերցնել և փոխադրել Ոստիկանության քննչական բաժին․ կալանավորը հենց փոխադրման ճանապարհին և մենախուցում քաշքշուկի և ծեծի պատճառով գլխից մահացու հարված է ստանում։

Դատախազ Մոռթազավին իրանցի-կանադացի լրագրողի մահվան լուրը խեղաթյուրելու նպատակով իր մոտ է կանչում Իսլամական առաջնորդության նախարարության արտասահմանցի լրագրողների հավատագրման վարչության պետին, նրա ստորագրությամբ և «Իռնա» պետական լրատվական գործակալության միջոցով լուր է հրապարակում «Հարցաքննության ընթացքում կալանավորի վատ զգալու և բուժկետում ուղեղի կաթվածից մահանալու» կապակցությամբ։

Կանադայի քաղաքացիություն ունեցող իրանցու մահը մեծապես վնասեց Իրանի միջազգային հեղինակության․ այդ ժամանակ երկրի նախագահն էր Խաթամին, որը մեղմ քաղաքականություն վարելու համբավ ուներ, «Քաղաքակրթությունների միջև երկխոսության» նախաձեռնողն էր, բայց և անզոր էր իր երկրի ծայրահեղականներին և զուգահեռ կառույցներին զսպելու։ Կանադայի կառավարությունը միջազգային ատյաններում մինչ օրս հետապնդում է իր քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու գործը։

Իրանի չար բախտից անցած փետրվարին Իրանի բանտերից մեկում մահացավ կամ ինքնասպանություն գործեց ևս մեկ «լրտես» իրանցի-կանադացի՝ բնապահպան, պրոֆեսոր Քավուս Սեյեդ Էմամին։ Նա ևս կալանվել էր երկրի զուգահեռ կառույցներից մեկի կողմից, որը չի ենթարկվում Անվտանգության ծառայության նախարարության։

Դատախազ Մոռթազավին իր գործունեությամբ «փայլեց» նաև 2009 թվականի ցույցերի ժամանակ, երբ հալածում էր Ահմադի Նեժադի նախագահ ընտրվելու օրինականությունը կասկածողներին։ Նրա մեղքով կամ անփութության հետևանքով երեք կալանված ցուցարար մահացան «Քահռիզաք» կալանավայրում։ Կալանավորների ծնողների համառ հետևողականության շնորհիվ դատախազը պաշտոնազրկվեց, պատասխանատվության կանչվեց և օրերս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

Փորձագետների կարծիքով շուտով կվերսկսվի նաև տիկին Զահրա Քազեմիի մահվան փակված գործի քննությունը և օրինազանց դատախազը նորից դատարանի առջև կկանգնի։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031