Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյանն անելիք ունի»

Մարտ 05,2018 12:20

ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել բոլոր թեկնածությունները, որոնք կառաջադրվեն Հայաստանում հաջորդ վարչապետի պաշտոնի համար, սակայն այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը պատկանում է իշխող ՀՀԿ-ին, քանի որ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն են հավաքել`ապահովելով իրենց համար այդ մենաշնորհը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոալիցիոն ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողների վարչապետի անձին վերաբերող տարբեր հարցերին: Ապա հստակեցրեց`ՀՅԴ-ում պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ն:

Լրագրողները հիշեցրեցին Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, որ ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան ինքը, ոչ ոք չի կարող մեկնաբանել»:

Լրագրողներից մեկը նկատեց` ստացվում է`Սերժ Սարգսյանը դրժում է իր խոստումը: Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանն անելիք ունի, ու դրա հետ կապված գնահատականները պիտի տրվեն՝ հաշվի առնելով նրա անցած ուղին: Փոփոխությունները, որ կատարվել են Հայաստանում, առանց նրա չէին լինի: Դրանք բավարար են, որ նրան հարգենք»: Նա նաեւ հավելեց`սահմանադրական փոփոխությունների սկզբից էլ ՀՅԴ-ն անձերով չի պայմանավորել այդ փոփոխությունները, բայց հայտարարել են նաեւ, որ չեն բացառում, որ Հայաստանի հաջորդ վարչապետը լինի Սերժ Սարգսյանը:

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է` կառավարման համակարգի փոփոխությունները միտված են անձերին զսպելուն, լիազորությունների բաշխմանը գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների միջեւ, որպեսզի որեւէ անձ չունենա այնպիսի լիազորություններ, որ համակարգն իր ձեռքը վերցնի: Նա հավաստիացնում է, որ եթե Սերժ Սարգսյանը լինի ՀՀ հաջորդ վարչապետը, նա չի ունենալու նույն իրավասությունները, ինչ իրավասություններ ուներ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031