Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆրանսիան և մյուս եվրոպացիները փորձում են փրկել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը, բայց Իրանից պահանջում են հրաժարվել հեռահար հրթիռների արտադրությունից

Մարտ 05,2018 12:14

Իրանի իսլամական պետությունն այս օրերին հյուրընկալում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին և մեծ կարևորություն է տալիս երկուստեք բանակցությունների արդյունքներին։ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համապարփակ ծրագիրը (Joint Comprehensive Plan of Action-Совместный всеобъемлющий план действий), բալիստիկ հրթիռներ արտադրելու Իրանի ծրագրերը, Իրանի ռազմական-քաղաքական ներկայությունը տարածաշրջանի և արաբական մի շարք երկրներում և Իրան-Եվրոմիություն տնտեսական համագործակցությունն այս բանակցությունների առանցքում են գտնվում։

Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գործողությունների համապարփակ ծրագիրը մշակվել և ստորագրվել է 2015 թվականի ամռան Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ), Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոմիության (ԵՄ), Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի մասնակցությամբ։

ԱՄՆ-ի նոր նախագահը պահանջել է այդ համաձայնագրի որոշ դրույթները վերանայել և հայտնել է, որ հակառակ դեպքում հառաջիկա մայիս ամսին,-երբ լրանում է Կոնգրեսի նշանակած պարբերական հսկողության ժամկետը-, ԱՄՆ-ի ստորագրությունը հետ կվերցնի․ դա նշանակում է համաձայնագրի փլուզում և Իրանի դեմ պատժամիջոցների խստացում։ Համաձայնագիրը ստորագրած մյուս բոլոր երկրները, ԵՄ-ն և ԱՄՆ-ի դեմոկրատները ցանկանում են կանգուն պահել Իրանի հետ կնքած այդ համաձայնագիրը և միաժամանակ փորձում են նախագահ Թրամփի հայտարարած վերապահությունների վերաբերյալ ելքեր գտնել․ Սպիտակ Տունը պահանջում է հետևյալ չորս կետերն ավելացնել կնքված համաձայնագրում․

Միջազգային իրավասու ատյանների կողմից Իրանի ռազմական բոլոր բազաների ստուգման պահանջների բավարարում, միջուկային զենքի տիրանալու կատարյալ բացառում, համաձայնագրի նշած ժամկետների բարեփոխում և վերածումն անժամկետի (խոսքը ուրանի հարստացման սահմանափակման տասնամյա ժամկետի մասին է) և հրթիռաշինության ծրագրերի սահմանափակման ներառումը համաձայնագրում։ Իրանը բնականաբար դեմ է այս նոր նախապայմաններին։

Իրանի կառավարության տեսակետներն արտահայտող «Իրան» օրաթերթի սյունակագիրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Թեհրան կատարած այցելությունը և հրեա, արաբ ու ֆրանսիացի կարևոր դեմքերի սպասվող այցը ԱՄՆ, այն չորս կարևոր անցուդարձն է համարում, որոնք ազդելու են ԱՄՆ նախագահի մայիս ամսին կայանալիք որոշման վրա։

Առանձնաբար Վաշինգտոն են այցելելու Իսրայելի վարչապետը, Սաուդական Արաբիայի արքայազնը և Ֆրանսիայի նախագահը։ Իսրայելի վարչապետը մասնակցելու է հրեական համաշխարհային ազդեցիկ լոբբի՝ Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (American Israel Public Affairs Committee, AIPAC) տարեկան նիստին։ Բոլորի բանակցության առանցքն էլ կազմելու են Իրանին վերաբերող խնդիրները․ Իսրայելը և արաբ որոշ ղեկավարներ ԱՄՆ-ի նախագահի հակաիրանյան քաղաքականության կարծրացումից ոգևորված են․ Ֆրանսիան և մյուս եվրոպացիները փորձում են փրկել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը, բայց Իրանից պահանջում են հրաժարվել հեռահար հրթիռների արտադրությունից։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

(Լուսանկարում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031