Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս պահին մոդել եմ ու երգիչ, իսկ հետագան ժամանակը ցույց կտա» (Ֆոտոշարք)

Մարտ 05,2018 13:00

Իրաքահայ Արման Մելիքյանը՝ իր կարիերայի մասին

Հայաստանյան համեմատաբար երիտասարդ մոդելային ոլորտը, էլ չխոսենք մոդելային բիզնեսի մասին, թեեւ ներկա դրությամբ քիչ աղերսներ ունի արեւմտյան չափանիշների հետ, այնուամենայնիվ, դանդաղ, բայց առաջ է գնում: Մեր մոդելներն էլ մասնակցում են գովազդային հոլովակների նկարահանումներին, նրանց լուսանկարները երեւում են ամսագրերի շապիկներին եւ այլն: Իհարկե, իշխողը կին մոդելներն են: Իսկ այս ընթացքում, օրինակ՝ վերջերս, Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահայտնի երեք տղամարդ մոդելների ցանկը, որոնց եկամուտը կազմում է 600 հազարից մինչեւ 1 մլն դոլար: Առաջին հորիզոնականում Թայսոն Բալոուն է, որն աշխատում է հայտնի այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Վալենտինոն, Արմանի Վերսաչեն, իսկ Մադոննայի հետ նա դարձել է Դոլչե Գաբանա բրենդի դեմքը եւ այլն: Allure ամսագիրն էլ հրապարակել է մոդելային աշխարհում գործող 7 ամենասեքսուալ եւ պահանջված մոդելների ցանկը, որը գլխավորում է Ռիկ Ջենեսթը՝ նույն ինքը՝ Զոմբի Բոյը, ում մարմինը զարդարում են հարյուրավոր դաջվածքներ:

«Առավոտի» հյուրը մոդել Արման Մելիքյանն է, որի ընտանիքը 2004-ին Իրաքից տեղափոխվել ու հաստատվել է Հայաստանում: Երեք տարի է, ինչ նա այս ոլորտում է: 21-ամյա պատանին հիշեց առաջին քայլերը. «17 տարեկան էի, երբ սկսեցի կազմակերպել իմ ֆոտոսեսիաները, դրանք տարածելով Ֆեյսբուքում եւ ներկայացնելով տարբեր սրահների: Հետո սկսեցի գործունեությունս դնել պրոֆեսիոնալ ռելսերի վրա: Դիմեցի այս ոլորտում ճանաչված հայաստանյան երկու ընկերությունների՝ ATEX-ին եւ UCAN-ին: Առաջինը ինձ չհուսադրեց, իսկ երկրորդը հրավիրեց ուսանելու: Այստեղ սկսվեց իմ ծանոթությունը ոճաբանության, դեֆիլեի, ֆոտոմոդելի եւ այդ աշխարհի այլ ուղղությունների հետ:

Կամաց-կամաց սկսեցի մասնակցել նորաձեւությունների ցուցադրությունների, առաջարկներ ստացա մեկ-երկու սրահներից»: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը նախընտրում է աշխատել եւ իր խոսքերով՝ աջակցել սկսնակ դիզայներներին, որոնց հետ շփումն ավելի հեշտ է ու հետաքրքիր, քան կայացածների: Համագործակցում է Վարդուհի Բարսեղյանի, Աննա Ավետիսյանի, Նաիրա Երանոսյանի, Սամվել Մալոյանի եւ այլ երիտասարդ դիզայներների հետ: Հետաքրքրությանը՝ իսկ քայլեր արե՞լ է իրեն «փորձել» արտասահմանում, մոդելն ասաց. «Առաջին փորձս Հնդկաստանն էր, բայց պարզվեց, որ նրանք փնտրում են արտասովոր դեմքեր: Կարծես ստացվում էր իտալացիների հետ, բայց նրանք էլ ասացին, որ իմ հասակը 181 սմ է, իսկ իրենց հարկավոր է 184-ից ոչ ցածր»: Ռեպլիկին՝ փաստորեն, 1-2 սանտիմետրը դեր է խաղում, ստացանք հետեւյալ պատասխանը. «Մոդելային բիզնեսում մանրուք չկա, ամեն ինչն էլ կարեւոր է: Եվ հետո՝ կան դիզայներներ կամ բրենդներ, որոնց պահանջներն առաջին հայացքից անտրամաբանական են: Օրինակ, 27-ամյա ֆոտոմոդել Մելանի Հայդոսը վերջին շրջանում իր անսովոր տեսքով գրավել է ամերիկյան մոդելային բիզնեսը: Այդ կինը չունի ատամներ ու մազեր, ծնված օրվանից տառապում է եզակի գենետիկ հիվանդությամբ՝ էկտոդերմալ դիսպլազիայով: Հենց այդ հիվանդության պատճառով նրա անոթները նեղ են, ինչի արդյունքում զրկվել է մազերից, այն վատ է անդրադառնում նաեւ ատամների ու եղունգների վրա…»:

Արման Մելիքյանին ժամանակին հանդիպել ենք «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայում (ռեժիսոր՝ Մարտին Խաչատրյան) Պետրոս առաքյալի դերերգով: Հարցին՝ ո՞ր ոլորտն է իրեն ավելի հարազատ, նա պատասխանեց. «Ներկայումս ուսանում եմ Խորենացու անվան համալսարանում, ռոմանագերմանական բաժնում, հաճախում վոկալի դասերի: Առայժմ մեկ տեսահոլովակ ունեմ, նկարահանված իմ հեղինակած «Քիչ է, քիչ է» երգով: Թե մոդելային, թե երգչական արվեստներն ինձ հարազատ են, բայց հասկանալի է, որ առաջին ոլորտում տարիքային սահմանափակում կա: Մտադիր եմ փորձեր անել կինոյի ոլորտում եւս: Ճանաչված շատ մոդելներ մեծ հաջողություններ են գրանցել կինոարվեստում, օրինակ՝ ամենահայտնի մոդելներից Ջոն Կորտահարենան Ջուլիանա Մուրի հետ նկարահանվել է «Միայնակ տղամարդը» ֆիլմում եւ այլն»:
Դիտարկմանը՝ վերջին շրջանում կարծես օրինաչափ է, որ արվեստագետը ներկայանում է որպես երգիչ, դերասան, հաղորդավար, շոումեն, երգահան…, Արման Մելիքյանն ասաց. «Այս պահին մոդել եմ ու երգիչ, իսկ հետագան ժամանակը ցույց կտա»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031