Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կամավորությունը Հայաստանում բախվում է կարծրատիպերի

Մարտ 05,2018 12:30

Կամավորությունը գործունեություն է, որը ենթադրում է առանց վարձատրության կատարել աշխատանք, ժամանակ տրամադրել` հօգուտ շրջապատի կամ որեւէ մեկի (անհատներ կամ խմբեր): Առանցքային դրույթ է այն, որ կամավորությունը պետք է լինի յուրաքանչյուր անհատի ազատ ցանկությունը: Դա կարող է ներառել ֆորմալ գործունեություն` ձեռնարկված հասարակության, մասնավոր կամ կամավորական կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ` ոչ ֆորմալ համայնքների մասնակցություն: Ըստ Օքսֆորդի բառարանի՝ կամավորը այն անձն է, ով անվճար աշխատում է կազմակերպության համար:

Ողջ աշխարհում աշխատանքի այս ձեւը շատ տարածված է, մասնավորապես՝ երիտասարդների եւ ուսանողների շրջանում: Արեւմտյան երկրներում աշխատանքի դիմելիս մեծ առավելություն են տալիս հատկապես կամավորական աշխատանքի փորձառություն ունեցողներին: Այդպիսին չունեցողների, այսպես կոչված, CV-ն` անձնական թերթիկը, լիարժեք չի համարվում: Օրինակ՝ Ֆրանսիայում կամավորությունը խրախուսվում եւ օժանդակվում է պետական մակարդակով:

Այդ պրակտիկան, սակայն, դեռեւս ամբողջովին չի ներմուծվել հայաստանյան կրթական համակարգ: Հայաստանում կամավորության մշակույթը նոր է սկսում ձեւավորվել: Կամավոր գործունեության համար միջավայրը բավականաչափ քաջալերող չէ: Երեւանում եւ մարզերում իրավիճակները տարբեր են. մարզերի համեմատությամբ Երեւանում կամավորությունը մի փոքր ավելի ընդունելի է:

Կամավորական աշխատանքի առավելությունների, թերությունների, ինչպես նաեւ Հայաստանում այն որպես նոր մշակույթ ձեւավորվելու ընթացքի, դրանից բխող խնդիրների մասին հասարակության մեջ ձեւավորված տարբեր կարծիքները կներկայացնենք հենց իրենց՝ կամավորների պատմություններով:

Մարիամ Հայրապետյան, Եվրոպական համալսարանի տուրիզմի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի- Կամավորական աշխատանք հասկացությանը, որպես այդպիսին, ծանոթ չէի մինչ իմ կամավոր դառնալը: Կամավորական աշխատանքով սկսել եմ զբաղվել 2012 թվականից: Ամենաառաջին աշխատանքը, որին մասնակցություն ունեցա, դա հակածխախոտային ակցիան էր: Մենք մի քանի հոգով նախագծեցինք, կազմակերպեցինք բավականին հագեցած ծրագիր, ֆորում թատրոնից մինչեւ երթ գյուղի գլխավոր փողոցով, որին ընդգրկել էինք համարյա բոլոր դպրոցականներին: Այդ ակցիային հաջորդեցին արդեն որոշ ծրագրեր, որոնց ավելի վստահորեն էինք մոտենում՝ ելնելով մեր նախորդ հաջողված փորձից: Շրջապատս պնդում էր, որ սա անվճար աշխատանք է, ժամանակի անիմաստ կորուստ, բայց սա այն շրջապատն էր, որ տեսնելով իմ աշխատանքը եւ ակտիվությունը, տարիներ անց նրանից շատերը միացան ինձ: Կամավորական աշխատանքիս ընթացքում եղել են բազմաթիվ զավեշտալի, հիասթափեցնող, հիացնող պահեր: Այն, որ մենք ընկերներով համախմբվում էինք մեկ գաղափարի շուրջ ու սկսում էինք նախագծել գործողությունների ընթացքը, դա արդեն զավեշտալի պահերով էր հագեցած: Եղել են նաեւ պահեր, որ թեւաթափ են արել, թերահավատորեն են մոտեցել մեր աշխատանքին, իհարկե, հետո պատասխան են ստանում, ու զարմանում մեր կատարած աշխատանքի վրա: Եվ ամենակարեւորներից, որ տպավորվել է ինձ մոտ, երբ Ամասիայի Սբ. Գեւորգ Եկեղեցու երիտասարդաց միության շրջանակներում մենք ամանորյա փաթեթներ ենք բաժանում փոքրիկներին, մեր հավաքած գումարի հիման վրա, ես մի փոքրիկ փաթեթով գնացի ուսուցչիս տուն, իր փոքրիկին էլ նվեր էի տալու:

Երբ դուռը բացեց ուսուցիչս, մենք ողջունեցինք իրար, շնորհավորեցինք միմյանց Ամանորը. ես պատմեցի թե ինչի եմ հյուրընկալվել իրենց տանը, պատմեցի բերածս նվերի մասին (այդ ընթացքում իր աղջիկը իր կողքին կանգնած էր, հենց իմացավ՝ իրեն նվեր եմ տարել, եկավ փաթաթվեց ինքնակամ, ուրախությունից), ես խնդրեցի, որ համաձայնվի նկարեմ իրեն տոնածառի մոտ, ինքը վազելով գնաց միացրեց տոնածառի լույսերը, կանգնել էր լայն ժպիտով (ինձ էլ էր ստիպում ակամա ժպտալ): Իսկական երջանկություն էր ինձ համար, ամենամեծ պարգեւը:

Սրբուհի Աղաբաբյան, Ամերիկյան համալսարանի «Անգլերենի ուսուցում իբրեւ օտար լեզու» մասնագիտությամբ արվեստի մագիստրոս- Սկզբում առանձնապես պատկերացում չունեի կամավորության մասին, ուղղակի մտածում էի, որ լավ նախապայման է հետագայում ավելի հեշտ աշխատանք գտնելու, փորձ ձեռք բերելու եւ մարդկանց օգտակար լինելու համար: Կարծեմ 16 տարեկան էի, որ սկսեցի զբաղվել կամավորական աշխատանքով: Մանկատանը հայոց լեզու էի սովորեցնում երեխաներին ու նաեւ օգնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանկատան երեխաների հետ աշխատելու հարցում: Զբաղվել եմ նաեւ ադմինիստրատիվ աշխատանքով ռադիոկայանում: Շրջապատի կարծիքը գրեթե միշտ նույնն է լինում, հաճախ հարցնում են՝ «բայց ի՞նչ ես անում», «իմա՞ստը», «մեջը մի բան կա՞»: Կամավորական աշխատանքը թերություններ չունի, ավելի ճիշտ՝ կախված է աշխատանքի բնույթից եւ կամավորի նախասիրություններից: Իսկ առավելությունները շատ են՝ փորձ, ցանկություն մարդկանց հետ հարաբերություններում, գաղափարական աճ, աշխարհայացքի լայնացում, ինքնավստահություն:

Կամավորությամբ զբաղվելը ինձ տվել է վերը նշված բոլոր կետերը, դրան գումարած՝ շատ-շատ ընկերներ, միջազգային ծանոթություններ, շատ կոմպլեքսներից ձերբազատում եւ ճամփորդելու հնարավորություն: Զավեշտալի դեպքեր շատ են լինում կամավորական աշխատանքում, օրինակ, ավտոստոպի ժամանակ մեքենան հենց անտառների մեջ փչացավ ու մենք երեկոյան մթնշաղին մնացինք անտառում: Սկզբում տհաճ էր այն, որ ինտերնետ չունեի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչ անգնահատելի հնարավորություն էր:
Հայաստանում կամավորությունը դեռ բախվում է որոշակի խնդրիների: Վերջինիս հիմքը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Երիտասարդը, ունենալով գումարային խնդիր, ձգտում է գումար վաստակել, եւ հետեւապես ժամանակ չի ցանկանում հատկացնել ներքին հոգեկան բավարարվածությանը: Այս եւ ուրիշ խնդիրների շուրջ զրուցեցինք հոգեբան Հայկուհի Հարությունյանի հետ: Նա համոզված է. «Կամավորությունը կրում է սոցիալ-զանգվածային, կամավորական, չվճարվող (որոշ եվրոպական երկրներում կամավորական գործունեության համար կամավորը ստանում է որոշակի գումար) աշխատանք, սակայն հանդիսանում է անձի ձեւավորման հիմնական գործոններից մեկը»:

Չնայած մեր երկրում կամավորական աշխատանքի վերաբերյալ ձեւավորված տարբեր կարծիքներին, Հ. Հարությունյանը բացատրում է երեւույթի հոգեբանական նշանակությունը. «Մեր երկրում կամավորության գաղափարը, չնայած որոշակի կարծրատիպային բախումների, այնուամենայնիվ, սկսել է մեծ արագությամբ զարգանալ, ինչը, իհարկե, ողջունելի է: Կամավորությունը առաջին հերթին կրում է դիմացինին օգնելու գաղափարը, իսկ այլոց օգնելու պահանջմունքը մարդու մեջ գենետիկ արմատներ ունի: Էվոլյուցիոն տեսության հիմնադիր Չարլզ Դարվինը կարծում էր, որ չվճարվող աշխատանքը կատարվում է գենետիկ պահանջմունքների ազդեցության ներքո: Վերջինս բավարարում է անհատի եւ հասարակության գթասրտության պահանջմունքը»: Հոգեբանը նշում է, որ շատ հաճախ կամավորությունը դիտարկվում է նաեւ պրոակտիվ եւ ալտրուիստական վարք. «Այն ունի երկու դրդապատճառ՝ բարոյական պարտք եւ բարոյական ապրումակցում: Բարոյական պարտքով անհատը, իրականացնելով ալտրուիստական քայլեր, բավարարում է իր իսկ բարոյական պահանջմունքները: Վերջինս բարձրացնում է անձի ինքնահարգանքը, հպարտությունը, բարոյական ինքնագնահատականը»:

ԱԼԻՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մարիամ Հայրապետյան

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031