Գյումրի կատարած այցից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները համահայկական ընդվզումը շարունակեցին Վանաձորում:
Նրանք «Ընդվզի՛ր» եւ «Դժոխքի երաժշտությունը» պատկերող պաստառներով շրջում էին Վանաձորի փողոցներով, միաժամանակ վանկարկելով՝ «Վանաձոր ոտքի»: Կուսակցության անդամները վանաձորցիներին կոչ էին անում դուրս գալ տներից, համախմբվել եւ տապալել գործող իշխանությունը: Փոստանջյանի խոսքով, ընդվզումից հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում մրցունակ պետություն. «Ումի՞ց եք վախենում, գաճաճ ղեկավարների՞ց, սրիկաներից, որոնք թմրադեղերի տակ են: Ուզենաք, յուրաքանչյուրդ ձեր տեղում կարող եք մի հատ հրելով նրանց ընդհանրապես վերացնեք ձեր առջեւից: Նրանք են այսօր կանգնել մեր առջեւ, սիրելիներս, մի՛ վախեցեք»:
Կուսակցության անդամների երթի վերջնակետը Արցախ պուրակում էր: Արցախյան ազատամարտի տարիներին հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների վերջին կանգառը հենց այս պուրակն էր:
Գտնվելով պուրակում, հիշելով այդ մասին, եւ տեսնելով այնտեղ իրականացվող շինարարությունը, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Արցախ պուրակն այսպիսի վայրի չէր կարող վերածվել: Կիրակի օրով գրեթե փողոցները դատարկ են, բայց այստեղ շինարարություն է տեղի ունենում: Ի՞նչ է կառուցվում, հերթական մի կազինո, կամ հերթական մի զվարճանքի վայր, որտեղ պետք է իրենք գան ուտեն, խմեն, զվարճանան եւ կեղեքեն մեր հայրենակիցներին: Վերջում էլ մեր հայրենիքը թողնելով օտարներին: Ցավալի է, որ 30 տարի անց, մեր Վանաձորի Արցախ պուրակը վերածվել է այսպիսի տեսարանի: Խաղասրահ, խաղատեղի, կտրված ծառեր, շինարարության վայր՝ Արցախի պուրակում, եւ սա է մեր հայրենիքի այսօրվա պատկերը: Եվ վաղը մյուս օրը, եթե մեր հայրենիքում հայերեն լեզուն այլեւս հայ մանուկը չհնչեցնի, զարմանալի չի լինի»:
Կուսակցության հետ հանդիպման վանաձորցիներից շատ քիչ թվով մարդ էր եկել:
Փոստանջյանի խոսքով գիտեին, որ մարդիկ չեն արձագանքելու իրենց կոչերին, սակայն չեն հուսահատվում. «Մեզ դա չի մտահոգում, այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մարդիկ կորցրել են հավատը, իսկ հավատի վերականգնումը ժամանակ է պահանջում: Բայց դա երբեւիցէ չի կարող որեւիցէ մեկիս կաշկանդել, որովհետև այլ ճանապարհ ու այլընտրանք չունենք: Միակ այլընտրանքը դա ընդվզումն է, տապալումը այս ապօրինի գործող իշխանությունների»:
Հանդիպման ավարտին մի կին մոտեցավ Փոստանջյանին եւ դժգոհեց բանկերում տրվող վարկերի տոկոսներից. «Մի անգամ հանձնաժողովում ասեք, հասկացանք, որ տոկոս ա, բայց եռակին են վերցնում»:
«Էդ իրանք են անում, մայրի՛կ, դիտավորյալ են անում»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ