Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդվզում, իշխանությունը տապալելու կոչեր Գյումրու ցեխի ու փոսերի մեջ կորած փողոցներում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 04,2018 17:52

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, ինչպես և հայտարարել էին, համահայկական ընդվզումը սկսվեցին Գյումրու Թատերական հրապարակից։ Նրանք մեծ տառերով գրված «Ընդվզիր» ու «Դժոխքի երաժշտությունը» պատկերող ցուցապաստառներով երթ անցկացրեցին Գյումրու փողոցներով՝ այս քաղաքի բնակչությանը կոչ անելով ոտքի կանգնել, ընդվզել տարիներ շարունակ ժողովրդին կեղեքող, հարստահարող համակարգի դեմ։

 

«Ժողովուրդն արտագաղթում է, մնացածն էլ ծայրահեղ աղքատության մեջ է, սահմանին զոհվում են մեր երեխաներից, պատերազմն արդեն անխուսափելի  է դարձել։ Ե՞րբ պիտի դիմագրավենք այս արհավիրքները, եկեք դուրս գանք, որովհետև մի խումբ մարդիկ, ովքեր արդեն իրենց իրավունք են վերապահել նշանակվել նախագահ, նշանակվել վարչապետ՝ առանց ժողովրդի կամքը հարցնելու, այդ մի խումբ բանդան անում է ամեն ինչ, որպեսզի այս երկիրը տանի դեպի կործանում։ Պետք է դուրս գալ, սիրելի գյումրեցիներ, պահը օրհասական է, լինել-չլինելու խնդիր է։ Եթե դուրս չեկաք, ունեք երկու  ճանապարհ՝ կամ պիտի արտագաղթեք, կամ պիտի մնաք  այստեղ և ապրեք ստրուկի կարգավիճակում։ Կոչ ենք անում բոլորիդ, սիրելի′ գյումրեցիներ, այսօրվանից դուրս եք գալիս փողոցներ, հեղեղում եք փողոցները, պարտադրում եք այս իշխանություններին, որպեսզի հեռանան»,-բարձախոսով բացականչում էին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները։

Նրանք եղան նախկին «Կինո Երևան» թաղամասում, փողոցներով քայլելով ու իրենց կարգախոսը բաժանելով՝ շարժվեցին դեպի  կենտրոնական շուկա ու Վարդանանց հրապարակ։

Նշենք, որ այսօր Գյումրիում հորդառատ անձրև է տեղում, և այնքան էլ հեշտ չէ քայլել Գյումրու ցեխոտ, անձրևաջրերով լի փողոցներում։

Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ  խաչմերուկներից մեկի մոտ։ «Այսօր Գյումրին պետք է ծաղկուն քաղաք լիներ՝ ներառելով իր մեջ մեր ազգային բոլոր ավանդույթները։ Դուք եք, որ պահել-պահպանել եք մեր արևմտահայության ոգին։ Դուք եք, որ կարողացաք նույնիսկ երկրաշարժից հետո գլուխը բարձրացնել և հումորներ անել։ Այսօր Գյումրին, լինելով մեր հայրաքաղաքը,  պետք  է իրապես ծաղկուն քաղաք լիներ, և գյումրեցիները պետք է սփռված չլինեին աշխարհով մեկ։ Պետք է հավաքվեին ու մեծ ընտանիքներ կազմեին հենց Գյումրիում, չմեկնեին Լոս- Անջելես, Մոսկվա, Փարիզ և այլ քաղաքներ։ Սիրելիներս, ինչպես այլ քաղաքները Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Գյումրին այսօր դատարկվել է։ Գյումրին այսօր ավերված է, Գյումրին աղետի գոտի հասկացությունից դուրս չի եկել, այս ի՞նչ է մեր փողոցների վիճակը։ Այդքան գումար  մենք ունեինք, որ կարող էինք մեր բոլոր փողոցները  հիմնահատակ վերանորոգել, ամբողջությամբ վերանորոգեինք։ Մինչդեռ այսօր փողոցները ցեխի ու փոսերի մեջ են կորած։ Գյումրեցիները դեռ շարունակում են մնալ անօթևան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա հայտարարեց, որ ունենք հնարավորություն ամեն ինչ փոխելու, բայց դրա համար բոլորը պետք է մտնեն ազգային շարժման մեջ, կասեցված արցախյան շարժումը պետք է նորից դնել գործի մեջ։ «Գյումրին  պետք լինի ոչ թե միայն երկրորդ քաղաք, այլ առաջնային քաղաքներից մեկը մեր երկրի։ Սիրելի′ գյումրեցիներ, մենք այսօր սկսել են մեր ընդվզման գործընթացը հենց Գյումրիից, պատահական չենք ընտրել Գյումրին, պատահական չենք ընտրել գյումրեցիներին։ Դուք եք, որ այն ուժը պետք է տաք համայն հայությանը ընդվզման միջոցով։ Ձեզանից է կախված բոլորիս ապագան, ձեզանից ու յուրաքանչյուրիցս է կախված։ Հրդեհի այս օջախը, որ պետք է վառեք, պետք է տարածվի բոլոր քաղաքներում Հայաստանի Հանրապետության, նաև Սփյուռքը պետք է միանա և թիկունք կանգնի մեզ։ Թիկունք կանգնի, որովհետև այսօր նույն Գյումրին գոյություն ունի Ռուսաստանի Դաշնությունում, նույն Գյումրին այսօր Միացյալ Նահանգներում է, նույն Գյումրին այսօր Եվրոպայում է, նայեք շուրջ բոլորը ու տեսեք, թե քանի հոգի մարդ է ապրում այսօր օտար երկրներում, իրենց էլ ասեք ոտքի կագնենք, շենացնենք մեր հայրենիքը»։

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ կամ շարունակելու են փտել այս ճահճի մեջ, որը կոչվում է «սերժսարգսյանական ավտորիտար համակարգ», կամ ճեղքելու են իրավիճակը՝ դուրս գալով փողոցներ ու տապալելով ապօրինի գործող իշխանությունը։

Գյումրեցիները «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների կոչերին հետևում էին հեռվից՝ քչերն էին մոտենում ու զրույցի բռնվում։ Վարդանանց հրապարակում Զարուհի Փոստանջյանին մոտեցավ մի տարեց կին ու ասաց․ «Ժողովուրդը հուսահատված է, բացարձակ չի հավատում ոչ մի օրենքի,  միլիցեն  իրանն է, զորքը՝ իրանը, երիտասարդները, որ նոր են ստեղծել իրանց կյանքը, բոլորը վտանգի տակ են։ Քանի՞ մարդ զոհվան, ո՞վ պատասխան տվեց այս զոհերի համար, ոչ  մեկը։ Դրա համար ժողովուրդը ոչ մի հույս չունի, ոչ էլ դուրս կգա, ոչ էլ կպայքարի։  Վերջին շունչն է  Հայաստանի ժողովրդի, մարդ չկա բացարձակ։ Եթերն էլ չես Երևա Զարուհի ջան, դու էլ հուսահատվար»։ Զարուհի Փոստանջյանը  պատասխանեց, որ  ինքը չի հուսահատվել ու հորդորեց տիկնոջը հույսը, հավատը վերականգնել ու միասին ոտքի կանգնել։

Մենք տիկին Փոստանջյանին հարցրեցինք՝ պասիվ չե՞ն գյումրեցիները,  թե՞ օրը կիրակի է ու դրանով է պայմանավորված։ Տիկին Փոստանջյանն ասաց. «Չեմ կարծում, որ պասիվ են, առաջին օրն է, և բնական է՝ այսպես էլ պետք է լինի, և իհարկե, կարևորը, որ շարժը սկսվում է։ Կարևորն այն է, որ Գյումրին պատրաստ է լինելու ամբողջ գործընթացը սպասարկելու»։

Նա ասաց, որ օրակարգում ապօրինի համակարգի հեռացումն է, չպիտի թույլ տան Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ «Մենք այնպես ենք ցանկանում իրականություն դարձնել մեր համահայկական ընդվզումը, որ լինեն բազմաթիվ հրդեհի օջախներ, ներառեն բոլոր քաղաքները, որպեսզի հնարավորություն չունենան հանգցնել այդ հրդեհը։ Իսկ հրդեհը իրականում պետք է լինի մեր բոլորի սրտերում և այդ հրդեի միջոցով մենք պետք է վերացնենք այս ապօրինությունները, այրենք այդ ամբողջ աղբը, որը կուտակվել է այս 25 տարիների ընթացքում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Վարդանանց հրապարակից  շարժվեցին դեպի Վանաձոր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031