Փայլակը մի քանի օր առաջ էր վերադարձել առողջարանից և սովորականի պես համակարգչի մոտ նստած համացանցում վերջին լուրերի հետ էր ծանոթանում, երբ հանկարծ աչքին ընկավ մի տարօրինակ մրցույթի կազմակերպման մասին հայտարարություն: Հայտնի ավիաընկերությունը, նույնքան հայտնի լրատվական գործակալությունը և միակ զբոսաշջության կոմիտեն հայտարաում էին՝ ուշագրավ և իրական պատմությունների մրցույթ՝ ակնկալելով հնագույն երկիր Հայաստանում զբոսաշրջության գրավչությունը նորովի բացահայտելու համար: Այնուհետև շարադրվում էր մրցույթին ներկայացվող պատմությունների բովանդակության, ծավալի, մեկնարկի և ավարտի մասին: Սահմանվում էր երկու մրցանակ Արաբական երկրներից մեկի անհատույց ինքնաթիռի տոմսեր տրամադրելու, այնտեղ մեկնելու և վերադարձի համար կամ հակառակը:
Պատմությունները պետք է լինեին իրական մարդկանց մասին, որտեղ հերոսը կարող էր լինել նաև հեղինակը: Իսկ հաղթողներին կորոշեր վերը նշված երեք կազմակերպությունների համատեղ ժյուրին:
«Հլա փորձեմ, ես էլ պատմություն գրեմ և ուղարկեմ, կարող է այս անգամ, թյուրիմացաբար, հաղթեմ, գիտեմ, որ մրցանակակիրները հենց մրցույթի սկզբից են որոշված լինում»,-մտքում մտածեց Փայլակը և անցավ գործի:
Բայց անցյալի դառը փորձը մի պահ նորից սթափեցրեց նրան, հիշեց, որ առաջներում էլ մի քանի անգամ մասնակցել է այդպիսի մրցույթների ու ոչ մի անգամ չի հաղթել, քանի որ հաղթողները միշտ էլ լինում են նախապես կանխորոշված:
Նույնիսկ անցյալ տարի մասնակցեց մի գրական մրցույթի՝ ներկայացնելով իր նոր հրատարակած գիրքը՝ «Աղջիկը Ջունգլիից», բայց երբ հետագայում, մրցույթի ամփոփումից հետո (բնականաբար, չէր հաղթել) ցանկացավ հետ վերցնել իր ներկայացրած գրքի երկու օրինակները, նկատեց, որ ինչպես ներկայացնելու պահին դրվել էր գրապահարանի ցուցափեղկում, նույն տեղում էլ մնացել էին, քանի որ ժյուրիի անդամներից ոչ մեկը ձեռք չէր տվել դրան և բնականաբար, չէր կարդացել: Իսկ մրցույթի հաղթողը, ինչպես միշտ, որպես կանոն, այս անգամ էլ «իրենց մարդն էր»:
Ու ամեն անգամ սա դաս չէր լինում Փայլակի համար, դարձյալ ու կրկին համառորեն մասնակցում էր մրցույթներին:
Քանի որ մրցույթին տրամադրված ժամկետը բավականին կարճ էր, և Ամանորի տոներն էլ մեջ էին ընկել, նա մի քանի օր քրտնաջան աշխատում էր պատմությունը կերտելու և սահմանված ժամկետում համացանցային կայքում նշված ժյուրիի էլեկտրոնային հասցեով ուղարկելու համար:
Քանի որ մրցույթի պայմաններից էր նաև «որակով» լուսանկար և անձնագրի պատճենը ուղարկել, (բա որ հանկարծ ուրիշի անվան տակ թաքնված գրեին պատմությունները), թոռնիկին խնդրեց իրեն լուսանկարել և անձնագրի պատճենը հանել: Թոռնիկն էլ, մի քանի անգամ լուսանկարեց, բայց Փայլակը ամեն անգամ մի թերություն էր նկատում ու լուսանկարը չէր հավանում: Վերջապես լուսանկարն էլ ստացվեց, բայց հետագայում, ժյուրիի կողմից համացանցի կայքում տեղադրելուց հետո, Փայլակը նկատեց, որ փողկապը մի քիչ ծուռ է ստացվել:
Երևի դա էլ գլխավոր պատճառ հանդիսացավ, որ նա մրցույթում չհաղթեց:
Մի քանի անգամ վերամշակելուց հետո, Փայլակը իր գրած պատմությունը, թոռնիկի արած լուսանկարը և անձնագրի պատճենը համացանցում նշված ժամկետի շրջանակներում, էլեկտրոնային հասցեով ուղարկեց մրցութային հանձնաժողովին: Որոշ ժամանակ անց, համացանցում հայտնվեցին առաջին պատմություննները՝ հեղինակների լուսանկարներով:
Մնում էր սպասել հարգարժան ժյուրի կողմից սահմանած ժամկետում մրցույթի արդյունքների ամփոփմանը: Երբ անցան սպասումներով լի օրերը, համացանցի նույն կայքում մրցույթի արդյունքների ամփոփման փոխարեն հայտնվեց մրցույթի ժամկետի երկարացման մասին հաղորդագրություն, իբրև թե տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընթերցողների խնդրանքին արձագանքելով, երակարձգում են (փորձված, ծիծաղելի հնարք), որից հետո ուղարկված պատմությունների քանակը կայքում կրկնապատկվեց, իսկ ուր մնացին այն տասնյակ դիմողները, որոնց խնդրանքով իբրև թե երկարացվել էր մրցույթի ժամկետը, այդպես էլ Փայլակի համար հանելուկ մնաց:
Փայլակը, իհարկե այս անգամ էլ հասկացավ, որ նորից մրցութային հին, փորձված տարբերակն է գործում, արդեն իսկ կասկածներ չկան, որ ժյուրիի կազմակերպած մրցույթից «իրենց հարազատ» մարդիկ ուշացել են, բայց համբերատար կերպով սպասեց մրցույթի ավելացված ժամկետի ավարտին և արդյունքների պաշտոնական ամփոփմանը:
Երկարաձգված ժամկետից գրեթե քսան օր անց, համացանցի համապատասխան կայքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները:
Մրցույթում, իհարկե, հաղթել էին երկարաձգված ժամկետում ուղարկված պատմությունները, որտեղ հանդես էին եկել իրենց «ուշացած» հարազատները:
Բայց որպեսզի այս խեղկատակությունը սքողվեր և առաջին, կարճ ժամկետի մասնակիցները չդժգոհեին, սահմանվել էր նաև լրացուցիչ «հատուկ մրցանակներ» ևս չորս մասնակցի համար, որոնցից երկուսը տրվել էին առաջին փուլի մասնակիցներնին: Մրցույթի կազմակերպման սկզբնական հայտարարության մեջ, իհարկե այդ մրցանակների մասին ոչ մի խոսք չկար:
Կարդալով մրցույթի արդյունքներն ամփոփող ժյուրիի որոշումը, Փայլակը մի փոքր նեղվեց, բայց որոշեց այդ մասին անպայման նամակ գրել ժյուրիի հանձնաժողովին՝ արտահայտելով իր դժգոհությունը:
«Մեծարգո ժյուրի.
Ես, իհարկե, սպասում էի մրցույթի գնահատման այսպիսի ավարտի, այլ կերպ չէր կարող լինել, բայց չէի արձագանքում՝ սպասելով մինչև մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակմանը:
Դուք կատարեցիք անբարոյական քայլ՝ երկարաձգելով մրցույթի ավարտի՝ նախապես սահմանված ժամկետը տեղափոխելով այն ավելի երկար ժամկետի, խախտելով Ձեր իսկ կողմից սահմանվածը, իհարկե, առաջին փուլի մասնակիցների մեջ չգտնելով Ձեր բարեկամների անուն-ազգանունները: Չէ՞ որ առաջին փուլի տասներկու մասնակիցը, ունեին հաղթելու ավելի մեծ հնարավորություններ:
Մրցանակը շնորհեցիք այն մասնակիցներին, ովքեր մրցույթին ներկայացել էի երկարաձգված երկրորդ փուլում՝ ունենալով ավելի մեծ ժամանակահատված իրենց մտքերը շարադրելու համար: Իսկ որպեսզի ծածկեք Ձեր անպատվաբեր արարքը, սահմանեցիք նաև հատուկ մրցանակներ, որոնք նախնական հայտարարության մեջ նշված չէր և որպեսզի «սվաղեք» նաև Ձեր անպատվաբեր արարքը, այդ մրցանակներից բաժին հանեցիք նաև առաջին փուլի մասնակիցներից երկուսին:
Գոնե խորամանկություն բանեցնեիք այս աղաղակող անարդարությունը ծածկելու համար և, առաջին կարգի մրցանակներից մեկը շնորհեիք առաջին փուլի մասնակիցներից մեկին:
Ողջունում եմ Ձեր կազմակերպած մրցույթը և ցանկանում Ձեզ նոր անհեթեթություններ արարելու գործում:
Նշեմ նաև, որ իմ ներկայացրած պատմության մեջ արծարծված էին Ձեր կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջները՝ պատմության հերոս լինելը, Հայաստանին վերաբերող զբոսարջիկին գայթակղող բոլոր տեսարժան վայրերի անունների առկայությունը, հայ մարդկանց հյուրասեր լինելը, առողջարանում հանգստանալու համակարգի գրավչությունը, ճարտարապետության մասին ակնարկելը, մշակութային կյանքին ներկա լինելու հնարավորությունը, շքեղ օպերային թատրոնի առկայությունը, ամերիկայից ժամանած բարձրաստիճան զբոսաշրջիկների հետ կարճ զրույցը, հայրենիքի կարոտով ապրող երիտասարդ աղջկա տառապանքները, և այլն և այլն:
Հուսամ, որ հաջորդ անգամ այսպիսի խայտառակ ու անհեթեթ մրցույթ չէք կազմակերպի:
Հարգանքներով՝ Փայլակ Փայասլյան»:
Անցավ մոտավորապես մեկ ամիս, բայց Փայլակը այդպես էլ պատասխան չստացավ ո՛չ հարգարժան ժյուրիի և ո՛չ էլ երեք կազմակերպություններից գոնե մեկի կողմից:
Նա հասկացավ, որ ինքը ճիշտ էր արտահայտել իր եզրահանգումները, որին հակառակը պատասխանել չէին կարող և հիշեց հայտնի ասացվածքը՝ լռությունը համաձայնության նշան է:
«Բայց ինչու՞ են կազմակերպվում այսպիսի անհեթեթ մրցույթներ, ավելի լավ չէ՞, որ հենց սկզբից մրցանակները տան իրենց բարեկամ-մոտիկներին և չխաղան ուրիշների վեհ զգացմունքների հետ: Երևի այդպես է պետք, չեմ հասկանում»,-ինքն իրեն ասաց Փայլակը ու որոշեց այլևս այդպիսի մրցույթների չմասնակցել:
Բայց արդյո՞ք սա դաս կլինի նրա համար:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ