Լոռու մարզում հանքարդյունահանող, հանքաքար վերամշակող ընկերությունները շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետումների պատճառով բնապահպանական վճարներ են մուծում: Փետրվարի 21-ին Տավուշի մարզպետարան գրավոր հարցում ենք ուղարկել, թե 2017 թվականին այդ բնապահպանական վճարումներից Տավուշի մարզի համայնքներին որքա՞ն գումար է տրամադրվել, որքա՞ն գումար կտրվի 2018թվականին, Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն բնապահպանական որքա՞ն վճար է մուծել 2017 թվականին, ինչքա՞ն կմուծի 2018թ.-ին:
Մարզպետարանից հայտնել են, որ շրջակա միջավայր (ջրային ավազան) վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման համար 2017 թվականի համար նախատեսված բնապահպանական վճարներից Տավուշի մարզի 10 համայնքներին տրամադրվել է 7 միլիոն 232 հազար դրամ: Այդ գումարը տրամադրվել է համայնքներում բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար, 2018 թվականին Տավուշի մարզի համայնքներին այդ նպատակով գումարներ չի վճարվելու:
Մարզպետարանը հայտնել է նաեւ. ««Թեղուտ» ՓԲԸ-ն շրջակա միջավայր (ջրային ավազան) նյութերի եւ միացությունների արտանետման համար ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերի ազդակիր համայնքներին բնապահպանական վճարներ չի մուծում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ