Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 90 մարզիկ։
Այսօր ըմբիշները մրցել են բոլոր՝ տասը քաշային կարգերում, իսկ վաղը կկայանան մրցանակային տեղերի համար գոտեմարտերը։ Հուշամրցաշարն այս տարի ընտրական բնույթ է կրում Հայաստանի Մ 23 տարեկանների հավաքականի համար. «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում։ Հիմնականում հաղթողները կմասնակցեն Խարկովի միջազգային մրցաշարին։ Դրանից հետո կորոշենք, թե ովքեր հանդես կգան այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում։ Կարեւորում եմ այս տարիքային խմբի առաջնությունը, քանի որ այն երիտասարդ ըմբիշների համար լավ հարթակ է մեծահասակների թիմին հաջող ինտեգրվելու համար», – ասում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ