Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից այսօր Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:
«Հարգելի՛ պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները:
Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար:
«Պարո՛ն Նախագահ, կրկին թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր բարի և դեպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղված խոսքերի համար: Իհարկե, ինչպես Դուք նշեցիք՝ ընտրվելուց առաջ ժամանակ ունեի ոչ միայն մտածելու, այլ նաև գործելու՝ հանդիպելու մեր հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու և՛ ղեկավարությանը, և՛ առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների: Ավարտելով այդ հանդիպումները և այսօր ընտրվելով Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ և առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի, որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա, պարո՛ն Նախագահ, ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի և մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը և փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար:
Անշուշտ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի շատ ավելի խորը հարաբերությունները և պայմանավորվածությունները Եվրամիության հետ, մասնակցությունը նոր բազմաթիվ միջազգային կառույցներում և, ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող նոր դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային և ինձ մեծ լավատեսություն են ներարկում, որ ապագա տարիները՝ առնվազն յոթ տարին, որ ես պետք է ծառայեմ որպես Հանրապետության նախագահ, լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ:
Պարո՛ն Նախագահ, ինչպես ասել եմ և՛ Ձեզ, և՛ շատ գործընկերների, պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին Սահմանադրությամբ նախատեսված նախագահական գործունեության սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով և իմ փորձառությունը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարևոր գործին: Գործի, որը իրականում նաև շարունակությունն է Հանրապետության առաջին, երկրորդ և Ձեր նախագահության տարիների»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմ