Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսումնարանները պետք է սերտորեն կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ». Լևոն Մկրտչյան

Մարտ 02,2018 19:07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը:

Նախարարի խոսքով՝ ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետևաբար աշխատանքների մեթոդոլոգիան և ոճը փոխելու անհրաժեշտություն է առաջացել:

«Նախ՝ մարզային ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է սպասարկեն տվյալ մարզի կարիքները, քանի որ, ի վերջո, այս ոլորտի հիմնական առաքելությունն աշխատաշուկայի պահանջների ապահովումն է: Իհարկե, ՄԿՈՒ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից, սակայն այսօր խնդիր է՝ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ և քանիսը՝ գնում դեպի բուհական համակարգ: Ներկայումս մեր երկրի կրթական համակարգն արմատական փոփոխությունների շեմին է՝ պետք է նորից վերականգնել ինժեներատեխնիկական, բնական գիտությունները, որոնց կարիքն այսօր ունի Հայաստանը: Բացի այդ, ուսումնարանները պետք է սերտորեն  կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ: Հետևաբար, պետք է լրջությամբ վերանայել տարվող քաղաքականությունը և առաջարկել կենսունակ մոդելներ: Այս հարցում մենք ունենք հսկայական աջակցություն ԵՄ-ից, գյուղատնտեսական, ինժեներատեխնիկական, արվեստի բնագավառում ևս առկա է մեծ ներդրումների հնարավորություն»,-նշել է նախարարը՝ իր խոսքում անդրադառնալով որակյալ դասախոսական կազմի, դիմորդների համար գրավչության բարձրացման և պետպատվերի ձևավորման խնդիրներին:

«Պետությունը բացառում է անորակ կրթության ֆինանսավորումը, և այս ուղղությամբ ևս քաղաքականությունն ամբողջովին վերանայվելու է: Բացի այդ, քոլեջը պարտավոր է հավատարիմ մնալ իր առաքելությանը և կրթությունը կազմակերպել այն մասնագիտությունների գծով, որոնց ուսուցման համար էլ կոչված է»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է նախաբակալավրիատի ներմուծում, որը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն կտա իրականացնել բարձրագույն կրթության տարրեր:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, իր հերթին ներկայացնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, նշել է, որ դրանց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում` միասնական տեղեկատվական համակարգի, ուսհաստատությունների նյութատեխնիկական բազայի լիարժեք օգտագործման, ուսանողների հաճախելիության, հաստիքացուցակի, արտաբյուջեի  և այլ հարցերի համատեքստում:

ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ներկայացնելով ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, անդրադարձ է կատարել 2018-22 թթ. բարեփոխումների ծրագրին, որի նպատակն է առավել թիրախային դարձնել ՄԿՈՒ համակարգի քաղաքականությունը` այն համադրելի դարձնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում ուսհաստատությունների տնօրենները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հեռավոր և սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական մասնագիտությունների, դիմորդների հոսքի, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, առցանց ուսուցման և այլ խնդիրների:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031